Վրաստանի պետական աուդիտի ծառայությունն այսօր հայտարարել է, որ երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը 2012 թվականին ավելի քան 5,2 միլիոն լարիի (շուրջ 3,2 միլիոն դոլար) չափով ապօրինի նվիրատվություն է ստացել:
«Կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկման ծառայությունը, դատախազությունից ստացված տվյալների հիման վրա, պարզել է, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, օրենքը շրջանցելով, օգտագործել է աշխատանքի տեղավորման ծրագրի համար հատկացված բյուջետային միջոցները՝ ստանալով ապօրինի նվիրատվություն 5 240 880 լարի (մոտ 3 176 290 դոլար) չափով»,- գործակալությանն է մեջբերում News Georgia-ն:
Մասնավորապես, ծառայության տվյալներով` ապօրինի նվիրատվություն ստանալու սխեման հետևյալն էր. Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության հանրային ծառայության գործակալությունը, Վրաստանում 2012 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին անցկացվող աշխատանքի տեղավորման ծրագրի շրջանակներում, մեկ ամիս ժամկետով՝ սեպտեմբերի 1-ից 30-ը, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին նախընտրական քարոզարշավ իրականացնող 21,827 քաղաքացիների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս մարդիկ առձեռն ստացել են 260 լարի (շուրջ 160 դոլար): Ինչպես նաև պարզվել է, որ «անկախ աշխատողների» ցուցակները կազմվել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության դաշնակից տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և կուսակցական ակտիվիստների կողմից, ում «անգամ չեն տեղեկացրել աշխատանքի տեղավորման ծրագրի շրջանակներում իրականացվող գործընթացների մասին»:
«Սա նշանակում է, որ մի շարք պետական վարչություններ անտեսել են ծրագրի նպատակները և բյուջետային միջոցներն ուղղել «Միացյալ ազգային շարժման» օգտին: Արդյունքում կուսակցությունը Վրաստանի առողջապահության նախարարության կողմից ապօրինի նվիրատվություն է ստացել»,- նշվում է հայտարարության մեջ: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները տեղի ունեցածը դեռևս չեն մեկնաբանում: