Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ինչպես նախապես հայտարարել էր, ուրբաթ օրը բողոքի ակցիա է անցկացրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տան մոտ՝ բողոքելով ոստիկանների գործողությունների դեմ:
Ոստիկանապետի դեմ ակցիան անցկացվել է «Հերիք է լպստեք օլիգարխների կոշիկները» կարգախոսի ներքո:
Այսօր Epress.am-ի հետ զրույցում ակտիվիստը պատմել է, որ ակցիայից հետո իրեն հետապնդել են անհայտ մարդիկ, իր տուն գալուց հետո լոլիկներով և ձվերով հարվածել են նախ տան պատուհաններին, ապա, երբ ինքն ու կինը մոտեցել են պատուհանին, նաև իրենց: Դեպքի առնչությամբ Գասպարին ոստիկանների է հրավիրել և ներկայացրել կատարվածը: Ոստիկանները զրուցել են նաև հարևանների հետ:
Անհայտ մի երիտասարդ Գասպարիին լոլիկներով հարվածել է նաև երեկ՝ կիրակի օրը, երբ ակտիվիստը որդու հետ գնում էր խանութ: Երկրորդ հարձակումից հետո նա հրաժարվել է ոստիկաններին բացարություն տալ՝ ասելով, որ իրականում և՛ լոլիկ շպրտողները, և՛ բողոք ընդունողները նույն մարդիկ են:
Ակտիվիստը մտադիր է հարձակումներին պատասխանել նոր ակցիայով, այս անգամ՝ Սերժ Սարգսյանի տան մոտ՝ «Սերժիկ, սրիկա» պաստառով:
«Եթե Վովա Գասպարյանը կարծում է, որ իր տան մոտ չի կարելի ակցիա անել, թող տեսնի, որ բողոքի ակցիա եմ անելու իր նախագահի տան մոտ»,- ասել է Վարդգես Գասպարին: