Հայաստանն Անդրկովկասում Մոսկվայի ամենամոտ բարեկամն է, բայց Երևանի` զգուշորեն մանևրելու քաղաքականությունը մատնանշում է այն, որ Հայաստանը նախընտրում է Ռուսաստանին պահել որոշակի հեռավորության վրա և իրեն չի սահմանափակում այլ գործընկերների հետ հարաբերություններ ստեղծելու հնարավորություններում: Այս մասին EurasiaNet կայքում «Թամադայի պատմություններ» խորագրի տակ գրում է վրացի անկախ լրագրող Գեորգի Մոսաձեն:
Նա նշում է, որ Ռուսաստանը Գյումրիում իր բազայում նոր բալիստիկ հրթիռներ է տեղադրել: Հայաստանը Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ բլոկին թույլ է տալիս զորավարժություններ անցկացնել, զինվորականներ բերել և իր տարածքում ուսումնական բազաներ կառուցել: Բացի այդ, լուրեր են պտտվում, որ Հայաստանում ծրագրում են ՀԱՊԿ-ի միասնական ռազմաօդային ուժերի շտաբ տեղադրել, նշում է լրագրողը:
– Այս ամենը երկրի ներսում դժգոհություններ է առաջացնում այն պատճառով, որ Հայաստանը վերադառնում է ռուսաստանյան կայազոր, որի հետևանքով Ռուսաստանի հետ զուգընթաց կապ է առաջանում ազգային անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում:
Բայց ավելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը խուսափում է Մոսկվայի հետ կապից, և դաշինքներ կնքելու հարցում Անդրկովկասում ամենաճկուն դիրքորոշում ունեցող երկիրն է:
Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմական համագործակցություն է ստեղծել որպես կանխարգելիչ ուժ՝ Ադրբեջանի հետ պոտենցիալ հակամարտության դեպքում, բայց երկիրը չի հրաժարվում նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից: Մոսկվայի՝ Եվրասիական միությանն անդամագրվելու կոչերին Երևանը դրական պատասխան է տալիս, բայց միևնույն ժամանակ նպատակ ունի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր կնքել, ինչը անհամատեղելի է Եվրասիական միությանն անդամագրվելու հետ: Հայաստանը կարողանում է նաև ռազմավարական բարեկամություն պահպանել Իրանի հետ, որը զբոսաշրջիկներ, ներդրումներ և էներգիայի պաշարներ է մատակարարում:
Հմտորեն կողմնորոշվելով աշխարհաքաղաքական հոսանքներում՝ Հայաստանը չի լողում դեպի ոչ մի խոշոր նավահանգիստ և հանգիստ շարժվում է իր ճանապարհով:
Անկասկած, Մոսկվան փորձում է ճնշում գործադրել Երևանի վրա, և ռուսաստանյան զենքի և ներդրումների հոսքի պայմաններում Հայաստանը մանևրելու համար ավելի ու ավելի քիչ տարածություն կունենա, բայց երկիրը ներկայումս իր ունեցած տարածության յուրաքանչյուր սանտիմետրը շատ հմտորեն է օգտագործում: