Home / Հայաստան / Գյուղացիները փակել են ճանապարհը. պահանջում են փոխել թոշակների բաժանման մեխանիզմը

Գյուղացիները փակել են ճանապարհը. պահանջում են փոխել թոշակների բաժանման մեխանիզմը

Արագածոտնի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհը՝ պահանջելով լուծել թոշակներ բաժանելու հետ կապված խնդիրները:

Արագածոտնի մարզի Ափնա գյուղի մոտ Արայի, Ծաղկաշեն, Քուչակ, Շենավան, Հարթավան և մի քանի այլ գյուղերի բնակիչներ փակել են Վանաձոր-Երևան ճանապարհը  և ներկայացրել են պահանջներ` կապված թոշակների բաժանման գործող մեխանիզմի հետ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ծաղկաշեն գյուղի գյուղապետ Խալաթ Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ իրենց գյուղերում թոշակ բաժանելը ոչ մի աշխատակցի վստահված չէ,  թոշակները բերվում են հարևան Արագած գյուղ, որտեղից մեքենայով դրանք բաժանվում են հարևան մի քանի գյուղերում:

«Հարցը այն է, որ մեքենան մնում է գյուղում մոտ 30 րոպե, ով չի հասցնում թոշակ ստանալ, չի ստանում, մեքենան հեռանում է մինչև մյուս ամիս»,- ասել է գյուղապետը՝ նշելով, որ գյուղում կան թոշակառուներ, որոնք  չեն կարողանում նույնիսկ մեքենային հասնել, և հերթի կռիվ անելու ուժ չունեն: Նրանցից շատերը, ըստ Ոսկանյանի, նույնիսկ հին անձնագրերը փոխելու համար չեն կարողանում հասնել մարզկենտրոն:

«Իրականում, գյուղացիները հիմա սկսում են պայքարել, որովհետև գիտեն՝ շուտով ձմեռ է գալու, մեր գյուղերը ձյան տակ կորելու են, ոչ  մի մեքենա չի կարողանալու մտնել»,- ասել է գյուղապետը:

Գյուղացիները պահանջում են, որ ամեն գյուղ առանձին բաժանի թոշակները, իսկ  հիվանդ թոշակառուների դեպքում այն պետք է հասցվի տներ: