2012 թվականի հուլիսի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում մահացած Մարո Գուլոյանի (պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն) իրավահաջորդի փաստաբան Լուսինե Մինասյանը դժգոհ է նախաքննությունը ՀՀ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքին հանձնելու որոշումից:
Տարածած հայտարարության մեջ Մինասյանը գոհունակություն է հայտնում այն փաստի կապակցությամբ, որ ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ կարճված գործը վերաբացվել է, սակայն ընդգծում է, որ վերսկսված նախաքննությունը կրկին նույն մարմինն է իրականացնելու` ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժանմունքը, որը, ըստ տուժող կողմի փաստաբանի, նախկինում թերացել է քննության իրականացման ժամանակ:
«Սա պարզապես անիմաստ է և անընդունելի մի իրավիճակ է: Տուժող կողմը առհասարակ վստահություն չունի այս մարմնի օբյեկտիվության և օրենքը ճիշտ կիրառելու ցանկության և հնարավորության նկատմամբ: Գործով բազմաթիվ կարևոր հանգամանքներն ինչ-ինչ պատճառներով անտեսած այս մարմինը չպետք է շարունակի գործով իր ձևական քննությունն իրականացնել», – հայտարարության մեջ նշել է Լուսինե Մինասյանը:
Վաղը Մինասյանը նոր դիմումով ու հայտարարությամբ հանդես է գալու ՀՀ Գլխավոր դատախազության առջև:
Ավելի վաղ կայացած ակցիաների ժամանակ Մինասյանը նշել էր, որ գործի քննությունը պետք է Երևան տեղափոխվի, քանի որ Մարո Գուլոյանի ամուսինը՝ Գևորգ Գուլոյանը, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի ազգականն է: Վերջինս էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է:
Ավելի վաղ Գուլոյանի շահերը պաշտպանող փաստաբան Լուսինե Մինասյանը ներկայացրել էր այն փաստերը, որոնք ստիպում են մտածել, որ Գուլոյանը ինքնասպան չի եղել:
«Մենք գտել ենք, որ դատաբժիշկը չի ֆիքսել բոլոր վնասվածքները, որոնք եղել են Մարոյի մարմնի վրա: Մեր պահանջով անցկացվել է արտաշիրիմում՝ Մարոյի դիակը հանվել ու տարվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննության: Սովորաբար ինքնասպան եղածի աչքերում արյան զեղումներ են առաջանում, լեզուն է դուրս գալիս, դեմքը սևանում է, ինքնասպան եղածը միզում է, սակայն Մարոյի մոտ չկա այս հատկանիշներից որևէ մեկը: Լինում է նաև մաշկի սևացում, երբ արյունը գնում է դեպի կախված վիճակում գտնվող վերջույթներ՝ նայած թե ինչ դիրքով է կախված:
Նշեմ ավելին՝ Մարոն, ինքնապաշտպանության բնազդից ելնելով, փորձել է ազատվել վզին կապված պարանից, սակայն հենց այդ դիրքով էլ մահացել է: Մարոյի դեմքին արտասովոր սևացում, կապտում չի նկատվել, նրա ձախ ոտքի շրջանում կար վնասվածք, ինչը դատաբժիշկը չէր ֆիքսել, ուղղակի բանավոր պարզաբանել է՝ ասելով, թե դրանք դիակային հետքեր են, սակայն հնարավոր չէ, որ մի կետով արտահայտվեր դիակային հետքը: Մարոյի այտի ստորին հատվածում վերք կար, գտել են, որ դա եղունգից հետք է, որը առաջացել է այն ժամանակ, երբ Մարոն փորձել է իրեն ազատել ու եղունգով իրեն վնասել է: Վերքը շատ խորն էր և կարող էր առաջանալ միայն շատ սուր ծայր ունեցող առարկայով ու եղել է կենդանության օրոք՝ արյունը ներթափանցել է, դրա համար կարմրավուն գույն ունի, մինչդեռ Մարոյի եղունգները դեպքի պահին շատ կարճ կտրված են եղել», – մասնավորապես, ասել էր Մինասյանը: