Հուլիսի 12-ից սկսած ամեն օր առավոտյան ժամը 10:00-ից մինչև 21:00-ն Հյուսիսային պողոտա-Թումանյան խաչմերուկում անցկացվելու՝ ստորագրահավաք` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված պահանջով:
Ստորագրահավաքի նախաձեռնողն է «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միությունը` ԵՊՀ շրջանավարտ Հովհաննես Ղահրամանյանի գլխավորությամբ:
Միությունից հայտնում են, որ կոչի տակ արդեն կա 2500-ից ավելի ստորագրություն` հավաքված հուլիսի սկզբից:
«Նավասարդ Կճոյան հոգևորականը ամբողջովին հեռացել է եկեղեցուց և ներքաշվել գողական կյանքի մեջ: Այս մարդուն իր Բենթլիով կարելի է տեսնել միմիայն մեծ բիզնեսի ներկայացուցիչների կողքին: Ո՞վ է երբևէ Կճոյանից հոգևոր հարցերի, իր հոտի խնդիրների մասին գեթ մեկ բառ լսել:
Ո՞վ է նրան գեթ մեկ անգամ տեսել եկեղեցու կողքին: Այս մարդը դարեր շարունակ մեր ազգի ինքնությունը պահպանած եկեղեցու վերջին մեղքն է, նրա խայտառակությունը:
Կճոյանն այնքան է ներքաշվել գողական կյանքի մեջ, որ, բացի օֆշորային սկանդալից, իր մաֆիոզի դիրքին հարիր չի համարում պարզաբանել իրեն ուղղված հարցերը: Իր պահվածքով Կճոյանը խայտառակում է մեր ազգը, և, եթե Կաթողիկոսը որևէ կերպ չարձագանքի Կճոյանին կարգալույծ անելու մեր պահանջին, ուրեմն ինքը ևս նույն մաֆիայի մաս է կազմում` դրանից բխող բոլոր հետևանքներով: Հրավիրում ենք Հայ եկեղեցու ճակատագրով բոլոր մտահոգ մարդկանց վաղվանից սկսած մասնակցելու ստորագրահավաքին», – ասված է «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միության հայտարարության մեջ: