Այս տարվա հունիսի 28-ին Նինոծմինդայում ոստիկանությունը բերման ենթարկեց Արմեն Չախալյանին՝ Վահագն Չախալյանի կրտսեր եղբորը: Վերջինս հայտարարեց, որ Արմեն Չախալյանին բերման են ենթարկել միայն այն պատճառով, որ նա իր հարազատ եղբայրն է, և ոստիկանության գործողություններն անվանեց կանխամտածված և սադրիչ:
Ամեն դեպքում, իրավապահ մարմինները պետք է զգույշ լինեն՝ էթնոքաղաքական բնույթի բարդություններից խուսափելու համար. այս իրավիճակում ավելորդ չէ հիշել՝ ինչու էր դատապարտվել Վահագն Չախալյանը: Այս մասին Georgia Online կայքի հետ զրույցում ասել է Վրաստանի ներքին գործերի նախարարության նախկին աշխատակից, իրավաբան Կարինե Գրիգորյանը (լուսանկարում):
– Դուք վաղու՞ց եք ծանոթ քաղաքական ակտիվիստ և «Միասնական Ջավախք» ոչ կառավարական կազմակերպության առաջնորդ Վահագն Չախալյանի գործին:
– Վահագն Չախալյանի գործն առաջին անգամ իմ ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ առաջացավ Ախալքալաքից ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերման հարցը: Դա Վրաստանում տեղակայված վերջին բազան էր, և «Միասնական Ջավախք» կազմակերպությունն ամեն ինչ անում էր՝ դուրսբերման գործընթացը կանխելու համար: Նրանք անընդմեջ ցույցեր ու ակցիաներ էին անցկացնում և լրջորեն դիմադրում տեղի ոստիկանությանը. այն ժամանակ Չախալյանը տեղի բնակչության շրջանում մեծ հեղինակություն էր վայելում: Կարծում եմ՝ նա հրաման էր կատարում: Հայտնի է, որ «Միասնական Ջավախք» կազմակերպությանը ֆինանսավորում էր Ռուսաստանը:
Կարելի է ասել, որ «Ջավախք» շարժման անունից գործում էր զինված խմբավորում, որը բազմիցս դիմադրություն էր ցույց տվել ոստիկանությանը: «Ջավախք» կազմակերպության և ոստիկանների միջև հերթական զինված բախման ժամանակ մահացավ երիտասարդ ոստիկան Արթուր Բուրուջանյանը, ով աշխատում էր Ախալքալաքի շրջանային ոստիկանությունում: Դա 2008 թվականին էր՝ օգոստոսյան պատերազմից առաջ: Ինչպես հետագայում պարզվեց՝ նրան սպանել էր Գուրգեն Շարինյանը՝ «Ջավախքի» անդամ, Չախալյանի մոտ ընկերն ու աջ ձեռքը: Այս դեպքից հետո Գուրգեն Շարինյանը փախավ երկրից, իսկ դատարանը նրան հեռակա կարգով դատապարտեց ազատազրկման: Նա մինչ օրս հետախուզման մեջ է: Ոստիկանների հետ զինված բախումն ու երիտասարդ ոստիկանի մահը լուրջ ապացույց էր, որ կազմակերպության անդամները զենք ունեին և այն կիրառում էին: 2008 թվականին, երբ Չապալյանին բերման ենթարկեցին, նրան մեղադրեցին հետևյալ հոդվածներով՝ զենքի կրում և օգտագործում, հանրային կարգի խախտում և զանգվածային անկարգություննրի կազմակերպում: Նրան դատապարտեցին 10 տարվա ազատազրկման: Գործով դատական գործընթաց է տեղի ունեցել և ցանկության դեպքում յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ նյութերին:
– Ինչպե՞ս կարող էր իրապաշտպան կազմակերպությունը զինված դիմադրություն ցույց տալ ոստիկանությանը: Չէ՞ որ դա օրենքին դեմ է:
– Այն ժամանակ դա սովորական երևույթ էր: «Միասնական Ջավախք» կազմակերպությունն ու ինքը՝ Չախալյանը, տարածաշրջանում հեղինակություն էին վայելում: Նրանք Վրաստանից տարանջատում և ինքնավարություն էին պահանջում: Հիշում եմ, որ իրավիճակն այն ժամանակ շատ թեժ էր, և կազմակերպության բոլոր քայլերն ակտիվորեն լուսաբանվում էին մամուլում: Իրավիճակը Ջավախքում կոնֆլիկտային էր, քանի դեռ չձերբակալեցին Չախալյանին: Նույն 2008 թվականին բերման ենթարկեցին նաև նրա կրտսեր եղբորը՝ Արմեն Չախալյանին, ով ղեկավարում էր «Միասնական Ջավախք» կազմակերպության երիտասարդական թևը: Հետագայում նրան ընթացակարգային համաձայնությամբ ազատեցին: Հարկ է նշել, որ ավագ Չախալյանը խնդիրներ ուներ ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում: 2006-2007 թթ. նա գնացել էր Հայաստան, որտեղ նրան բերման էին ենթարկել: Ազատ արձակվելուց որոշ ժամանակ անց նա դեռ ուներ անհուսալի անձի կարգավիճակ և չէր կարող այցելել հարևան պետություն, քանի որ Հայատսանի համար լուրջ խնդիրներ էլ առաջացնում:
– Բայց Չախալյանը հերքում է, որ կազմակերպությունն ունեցել է անջատողական դրսևորումներ, և որ իրենք ինքնավարություն են պահանջել…
– Այն ժամանակ ես աշխատում էի Վրաստանի ՆԳՆ կառույցներում, ինքս Ջավախքից եմ և լավ գիտեմ՝ ինչ էր այնտեղ կատարվում: Ինքնավարության պահանջն անընդմեջ էր, քանի դեռ Չախալյանին չձերբակալեցին: Ամեն ինչ սկսվեց անցած դարի 1990-ական թվականներից՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, մի շարք վայրերում տարբեր հակամարտություններ առաջացան, այդ թվում՝ ազգամիջյան: Մոսկվան միշտ աջակցել է Ջավախքի հայ բնակչության անջատողական տրամադրություններին, առավել ևս, երբ այնտեղ գտնվում էր ռուսաստանյան ռազմակայան և ռազմական քաղաք՝ կայազոր, որտեղ աշխատում էին տեղի բնակիչները: Համարյա ամբողջ շրջանն աշխատում էր ռազմակայանն ապահովել գյուղատնտեսական ապրանքներով: Նրանք լավ եկամուտ ունեին, և երբ առաջացավ Ախալքալաքից ռազմակայանի դուրսբերման հարցը, ակտիվացավ «Միասնական Ջավախքը»: Ուզում եմ հիշեցնել, որ այս կազմակերպության աջակցությամբ տարածաշրջանում շրջանառվում էր միայն ռուսական ռուբլին. նրանք ամեն կերպ կանխում էին վրացական դրամական միավորի՝ լարիի հայտնվելը: Ամենուրեք գործարծվում էր ռուսերենը: Դպրոցներում ուսուցումն ընթանում էր հայերենով, ռուսերենը տարածաշրջանում երկրոդ պետական լեզուն էր, իսկ վրացերենն արհամարհվում էր: Սովորաբար նման իրավիճակներում համապատասխան իրավապահ մարմիններն արձագանքում էին, բայց քանի որ «Ջավախք» կազմակերպությունը լրջորեն աշխատում էր բնակչության շրջանում և անընդհատ իրավիճակն էլ ավելի էր թեժացնում, Վրաստանի իրավապահները, չցանկանալով այն ավելի սրել, ոչ մի գործողություն չէին ձեռնարկում: Իսկապես, Վրաստանի իրավասությունը չէր տարածվում այս տարածաշրջանի վրա:
Չախալյանի ձերբակալությունից հետո ոստիկանությունն ու տարածաշրջանի բոլոր պետական կառույցները լիարժեք և ակտիվորեն աշխատեցին, սկսվեց լարիով առևտուրը, բնակչությունը հանգստացավ, իշխանությունը սկսեց նոր ծրագրեր իրականացնել և ճանապարհներ կառուցել: Հայ բնակչության իրավունքների ոչ մի խախտում, ինչպես հայտարարում է Չախալյանը, տեղի չի ունեցել: Կան շատ փաստեր, որոնք ապացուցում են, որ «Միասնական Ջավախքն» ու դրա առաջնորդները անջատողական քաղաքականություն էին վարում և թեժացնում իրավիճակը: Այնտեղ իրապես առկա էր ագրեսիվ անջատողականության վտանգը, որն առաջացնում էր իրավապաշտպան «Միասնական Ջավախք» կազմակերպությունը: Ի՞նչ իրավունքների խախտման մասին է խոսքը: Չախալյանը ստում է:
Ի դեպ, ինչպես հետո հայտնի դարձավ, բոլոր բերման ենթարկվածների մոտ ոստիկանությունը մեծ քանակությամբ նոր զենք էր հայտնաբերել և հենց այն ռազմակայանից, որը տեղակայված էր Ախալքալաքում:
Վահագն Չախալյան
– Իր վերջին հարցազրույցներից մեկում Չախալյանը հայտարարել է, որ «Ջավախքը» փորձում էր հարցերը լուծել «Վրաստանի օրենսդրության սահմաններում»…
– Ե՞րբ են նրանք գործել Սահմանադրության սահմաններում, ոստիկանությանը զինված դիմադրություն ցույց տալի՞ս: Ընդհակառակը, այսպիսի գործողություններով նրանք ամեն անգամ խախտել են Սահմանադրությունը: Ես հաստատ գիտեմ, որ այս մարդու ձերբակալությունից հետո բնակչությունը սկսեց ապրել հանգիստ, ոչ ոք նրանց իրավունքները չի խախտել, նախկին իշխանությունը վրաստանի պետության նրանց ինտեգրման համար բոլոր պայմանները ստեղծել էր: Եթե Չախալյանը պնդում է, որ տեղի բնակչությունը ցանկանում էր վրացերեն սովորել, իսկ իշխանությունը դրա վրա ուշադրություն չէր դարձնում, ապա դա նույնպես սուտ է: Այնտեղ միշտ միայն գործել են հայկական դպրոցները, բայց կրկին, Չախալյանի ձերբակալությունից հետո բնակչությունը սկսեց առանց որևէ խնդիրների սովորել վրացերեն: Հենց «Ջավախք» կազմակերպությունն ու դրա առաջնորդները վրացերեն լեզվի ուսուցիչներին տարածաշրջան չէին թողնում և միշտ խանգարել են դպրոցներում դրա ուսուցմանը:
– Վահագն Չախալյանը նախկին իշխանությանը մեղադրում է Ջավախքի հայ բնակչության հանդեպ հանցագործ քաղաքականության մեջ: Սա լուրջ մեղադրանք է…
– Սա անհիմն զրպարտանք է: Ջավախքի տարածաշրջանում բնակչությունը նույնքան լավ է ապրում, ինչպես մնացած Վրաստանում: Այնտեղ գործարաններ կամ ինչ-որ խոշոր արտադրությամբ զբաղվող ընկերություններ չկան, այն գյուղատնտեսական տարածաշրջան է, բայց բնակչությունն ապրում է բավականին լավ պայմաններում. շատ են աշխատում և լավ ապրում՝ հայերը աշխատասեր ազգ են: Իսկ ընդհանրապես, այդ հարցը ավելի լավ է Չախալյանին տաք:
– Ի՞նչ եք կարծում, Չախալյանին ազատած հանձաժողովը ճի՞շտ է վարվել:
– Ոչ: Ավելին, ամոթ իշխանությանը, որ Վանո Մերաբիշվիլին գտնվում է բանտում, իսկ Չախալյանը՝ ազատության մեջ: Ես նրան միշտ վերաբերվել եմ որպես անջատողականի: Հենց նրան ազատեցին, նա միանգամից պահանջեց հայերեն լեզվին տալ պետականի կարգավիճակ. ես Ջավախքում անջատողականության վերածնունդի վտանգ եմ տեսնում: Չեմ զարմանա, եթե նրա հաջորդ քայլը լինի Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման դադարեցման մասին պահանջը: Սակայն հարկ է նշել, որ նրա դիրքերը տարածաշրջանում զգալիորեն թուլացել են, նա բնակչության շրջանում նախկին հեղինակությունն ու հարգանքն այլևս չի վայելում, հատկապես՝ Հայաստանում նրան բերման ենթարկելուց հետո: Ջավախքում բոլորը վստահ էին, որ Հայաստանը աջակցում էր «Միասնական Ջավախքի»՝ ինքնավարության համար պայքարը, որ դրա առաջնորդը մեծ հողինակություն էր ոչ միայն Ջավախքում, այլ նաև սահմաններից դուրս, որ նրա համար բաց են բոլոր դռները, բայց Հայաստանում բերման ենթարկվելուց հետո նրա հեղինակությունը լրջորեն տուժեց: Փաստորեն, նրան հետևողների կեսից ավելին նրանից երես թեքեցին, նրանք համոզվեցին, որ նա մեծ ազդեցություն և հեղինակություն չունի: Նա ոչ մի իրավապաշտպան էլ չի: Զարմանալի է, բայց չգիտեմ ինչու ոչ ոք չի հիշում այն լուրջ փաստերը, որոնք իսկապես տեղի են ունեցել և որոնք ես հենց նոր թվեցի:
– Ինչպիսի՞ իրավիճակ է հիմա Ջավախքում:
– Վերջին հինգ տարիների ընթացքում տարածաշրջանում իրավիճակը շատ է փոխվել: Մարդիկ համոզվել են, որ կարող են հանգիստ ապրել, աշխատել: Տարածաշրջանը քայլ առ քայլ զարգանում էր, ինչը նախկինում տեղի չէր ունենում «Ջավախքի» ագրեսիվ գործողությունների պատճառով: Նախկին իշխանությունը ծրագրում էր ձմեռային հանգստյան գոտի կառուցել, որը կլուծեր տեղի բնակչության գործազրկության խնդիրը, այլ օբյեկտներ էլ էին կառուցվում, և բոլորը նոր աշխատատեղերի հույս ունեին: Բայց այսօր բոլոր ծրագրերը դադարեցվել են, այլևս ոչինչ չի կառուցվում: Հարցականի տակ է նաև հիդրոէլէկտրակայանի շինարարությունը, որը տարածաշրջանի համար շատ կարևոր է:
Մոտավորապես երկու ամիս առաջ Ախալքալաքի հայ բնակչությունը ակցիա էր կազմակերպել, որի ժամանակ նրանք հայտարարել էին, որ դեմ են անջատողականությանը: Չախալյանի ձերբակալությունից հետո հինգ տարիների ընթացքում Ջավախքում վրացական իշխանության դեմ ոչ մի ցույց կամ բողոքի ակցիա չի անցակցվել, բոլորն ապրում էին խաղաղ, բայց «Ջավախքի» առաջնորդի ազատ արձակվելուց հետո մարդիկ լարվածության վերականգնման վտանգ զգացին: Այդ պատճառով նրանք իշխանություններին տեղեկացրին, որ անջատողականությանը դեմ են: Այսօր տարածաշրջանում ամեն ինչ դեռ հանգիստ է, Չախալյանի դիրքերը թուլացել են, սակայն հայերենը պետական լեզու ընդունելու մասին նրա պահանջը բոլորին հիշեցրեց, որ անջատողական տրամադրությունը կարող է նոր ուժով բռնկվել:
– Հունիսի վերջին բերման ենթարկեցին Վահագն Չախալյանի կրտսեր եղբորը: Այս մասին ի՞նչ տեղեկություններ ունեք:
– Ինչքանով ինձ հայտնի է, կռիվը տեղի է ունեցել կնոջ պատճառով: Անկեղծ ասած, գործի մանրամասներն անհետաքրքիր են: