Ռուսաստանցի քաղաքական գործիչ և քաղաքագետ, թատերական ռեժիսոր և «Ժամանակի էությունը» («Суть Времени») շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանը «Էության դպրոցներ» («Школы сути») հաղորդաշարի եթերում խոսել է մայիսի վերջին Հայաստան իր այցելության մասին: Կուրղինյանը, մասնավորապես, բողոքել է «հայկական բուրժուազիայի» կողմից իրականացված ոտնձգությունից և հայտարարել, որ Հայաստանին անկախության պետք չէ:
«Ես Հայաստան եմ գնացել և այնտեղ ասել այն, ինչ ճիշտ եմ գտել: Ի պատասխան՝ հակաազգային հայկական բուրժուազիան իսկական խառնաշփոթ սարքեց, իսկ հայկական մտավորականության վախեցած ներկայացուցիչները ձկան պես լուռ էին և իմ օգտին ոչ մի բառ չասեցին, չնայած նրան, որ Հայաստանի բնակչության 80 տոկոսից ավելին ցանկանում է վերադառնալ ԽՍՀՄ: Հայաստանին անկախություն պետք չէ, քանի որ հակաազգային իշխանությունը, միևնույն է, այն օգտագործում է երկրի և ժողովրդի դեմ: Իսկ ինչ վերաբերում է ժողովրդին, ապա այն փախչում է երկրից, ինչպես առնետները՝ խորտակվող նավից: Հայաստանը շարժվում է դեպի աղետ, երկրի միակ փրկությունը նոր միությանը միանալն է»,- հայտարարել է Կուրղինյանը: