ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացուցիչը կմասնակցի Զինդատախազության կողմից ստեղծվող աշխատանքային խմբի գործունեությանը երեք պայմանների բավարարման դեպքում:
Զինդատախազության աշխատանքային խումբը նախատեսում է ուսումնասիրության առարկա դարձնել այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում է կայացվել 2011 թվականի հունվարի 1-ից հետո: Մինչդեռ օմբուդսմենի գրասենյակը նշում է, որ այսօր առկա են բազմաթիվ բողոքներ դեռևս 2001 թվականին տեղի ունեցած մահվան դեպքերի քննության վերաբերյալ:
«Այդ դեպքերի քննություններն ընթացել են էական բացթողումներով, իսկ քննության արդյունքների նկատմամբ զոհերի հարազատների և հանրության վստահությունը խիստ անբավարար է: Պաշտպանը համոզված է, որ միայն նախկին (նույնիսկ տասնամյա հնության) գործերի լրիվ և օբյեկտիվ քննություննու այդ գործերով արդարադատության վերականգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերի քննության նկատմամբ վստահությունը և վաղվա բռնությունների ու սպանությունների կանխարգելումը»,- ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Կարեն Անդրեասյանը նշում է, որ Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերի ուսումնասիրության կապակցությամբ աշխատանքային խումբ ստեղծելու Զինվորական դատախազության նախաձեռնությունն ինքնին դրական է: Այդուհանդերձ, օմբուդսմենը պատրաստ է իր ներկայացուցչին ներգրավել աշխատանքային խմբում, եթե.
1. աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրման ենթակա դառնան այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում է կայացվել 2001 թվականի հունվարի 1-ից հետո,
2. աշխատանքային խմբի գործունեության ձևաչափը և աշխատակարգը որոշվի հենց խմբի կողմից,
3. հստակեցվի, թե ինչ իրավական հետևանք են ունենալու աշխատանքային խմբի կայացված որոշումները և ինչ չափով են հաշվի առնվելու հասարակական կազմակերպությունների փորձագետների կողմից կատարված առաջարկությունները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը հայտարարել էր, որ իր ՀԿ-ի ներկայացուցիչը Զինդատախազության աշխատանքային խմբի գործունեությանը չի մասնակցելու: