ՀՀ նախագահի նստավայրը պետական բյուջեից 294 մլն 233 հազար դրամ՝ շուրջ 717 հազար 641 դոլար է տրամադրել նախագահականին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (ՊՈԱԿ), գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ իր տրամադրության տակ հայտնված պայմանագրի համաձայն՝ այդ գումարը տրվել է 2013թ. ընթացքում ՊՈԱԿ-ի գործունեությունն ապահովելու, հանրային իրազեկում ապահովելու, ԶԼՄ-ների ընդհանուր և թեմատիկ դիտարկում իրականացնելու, վերլուծություններ և ուսումնասիրություններ կատարելու, ինչպես նաև՝ հանրային կապերի ուսումնասիրություններ կատարելու, պետական կառույցների թափանցիկությունը պահպանելու համար:
Բացի դա, ՊՈԱԿ-ը պետք է ուսումնասիրի հանրային կապերի ոլորտի միջազգային փորձը՝ այդ ոլորտի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու համար։
Թերթը նշում է, որ նշված ՊՈԱԿ-ը ստեղծվել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, և դրա ղեկավարը Արա Սաղաթելյանն է՝ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի եղբայրը: