Home / Հայաստան / Վրաստանում «Բորժոմին» և «Նաբեգլավին» ավելի շատ են հարկվելու

Վրաստանում «Բորժոմին» և «Նաբեգլավին» ավելի շատ են հարկվելու

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է օրենսդրական  նախաձեռնությունը, որը նախատեսում է այս տարվա հոկտեմբերի 1-ից երեք անգամ ավելացնել «Բորժոմի» և «Նաբեգլավի» հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը:

Ինչպես հաղորդում է civil.ge-ն, 1 խորհանարդ մետր «Բորժոմի» հանքային ջրի համար վճարի չափը 10 լարիի փոխարեն կլինի 30 լարի (18 դոլար), իսկ 1 խորհանարդ մետր «Նաբեգլավիի» վճարը՝ 6-ի փոխարեն 18 լարի (մոտ 11 դոլար):

Օրինագծին կից բացատրական քարտում ասվում է, որ այն պայմաններում, երբ հանքային ջրերը թե Վրաստանում, թե համաշխարհային շուկաներում բավական մեծ պահանջարկ են վայելում, կարևոր է արդյունահանված պաշարների համար վճարը համապատասխանեցնել այդ գործոնների հետ:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2011 թվականին Բորժոմիի և Նաբեգլավիի ջրային պաշարների օգտագործման շնորհիվ Վրաստանի պետական բյուջեն ստացել է 2 284 165 լարի, իսկ 2012 թվականին՝ 2 223 598 լարի: Փոփոխությունների արդյունքում այս թվերը կավելանան առվազն երեք անգամ:

Արդյունահանված պաշարների համար վճարի ավելացման ծրագրերի մասին Վրաստանի կառավարությունը հայտարարել էր այս տարվա ապրիլին, ինչն առաջացրել էր «Բորժոմի» հանքային ջրի արտադրողների դժգոհությունը: IDS Borjomi Georgia ընկերությունը, որը վերջերս վերսկսել է ջրի արտահանումը Ռուսաստան, հայտարարել է, որ վճարների ավելացումը բացասական ազդեցություն կունենա ջրի մրցունակության վրա ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ արտասահմանյան շուկաներում: