Home / Հայաստան / Գարեգին Բ-ն «մարդու արժանապատվությունը ոտքի տակ է ճզմում». Ֆրանսիայի թեմի առաջնորդ

Գարեգին Բ-ն «մարդու արժանապատվությունը ոտքի տակ է ճզմում». Ֆրանսիայի թեմի առաջնորդ

Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված հրաժարականի նամակում պնդում է, որ «բիզնես» հոգեբանությամբ դաստիարակված անկառավարելի եկեղեցականներին կառավարելու ո՛չ տրամադրություն ունեն, ո՛չ էլ ժամանակ: Արքեպիսկոպոսը նկատի ունի Ստրասբուրգի թեմի հովիվ տեր Վաչեին: Նորվան Զաքարյանի խոսքով՝ կաթողիկոսն իրենից պահանջել է լուծել Ստրասբուրգի թեմի հովիվ տեր Վաչե կարգավիճակը, այլապես Մայր Աթոռի հետ գործ չի ունենա:

Արքեպիսկոպոսը նաև նշում է, որ Գարեգին Բ-ն իր արժանապատվությունը ոտքի տակ է ճզմում, իսկ Մայր Աթոռում առկա «անհատի պաշտամունքը» հոգնեցուցիչ է:

Նորվան Սրբազանի ամբողջական նամակը հրապարակել է 168.am կայքը.

«Նորին Սուրբ Օծութիւն Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն պատրիարք և կաթողիկոս Ամենայն Հայոց Ս. Էջմիածին Վեհափառ Տէր, Ատենէ մը ի վեր նկատած եմ որ զիս վիրաւորելն ու վարկաբեկելը Ձեր հաճոյքը դարձած է: Ձեր որակումներն ու մեղադրանքները ուղղուած՝ անձիս դէմ պարզապէս զարմանք կը պատճառեն ինծի: Դուք չէք անդրադառնար գուցէ, թէ մարդոց արժանապատւութիւնը կը ճզմէք ձեր ոտքին տակ: Ամենէն վերջինը, 29 Յունիս 2013-ի դէպքն էր: Շառլ Տը Կօլ օդակայանի VIP-ի սրահին մէջ, Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարար Պարոն Էտուար Նալպանտեանի, Ազգային ժողովի Նախագահ Պարոն Յովիկ Աբրահամեանի, Դեսպան Պարոն Վիգէն Չիտեչեանի եւ եկեղեցական ու աշխարհական այլ անձերու ներկայութեան, հետեւեալ բառերով Ձեր յանկարծական յարձակումը վրաս, սարսափ պատճառեց.

«Եթէ, Տէր Վաչէ Քահանայ Հայրապետեանը մինչեւ 1 Յուլիս 2013 չազատէք պահակութեան պաշտօնէն (ըստ մամուլում տարածված լուրերի՝ տեր Վաչեն պահակ է աշխատել ընտանիքը պահելու համար, ինչի մասին Նորվան Սրբազանը տեղյակ չի եղել – խմբ.) և թէ Թեմը ամսական չտայ անոր, Մայր Աթոռի հետ դու գործ չունես այլեւս»: Պահ մը այլայլած ստուգել ուզեցի լսածս եւ կրկնեցիք. «Այո, դու Մայր Աթոռի հետ գործ չունես այլեւս»: Նախորդ օրը արդէն շշմած էի երբ ըսիք.- «…Վաչէ քահանային սքեմը, իմ պատիւս է, քուկդ ալ պէտք է ըլլայ, իւրաքանչիւր հայ եկեղեցականինը պէտք է ըլլայ»: Վեհափառ Տէր, «բիզնես» հոգեբանութեամբ դաստիարակուած անկառավարելի եկեղեցականները կառավարելու ո՛չ տրամադրութիւնը ունիմ, ո՛չ ալ ժամանակը: Հայ Առաքելական եկեղեցւոյ բարեկարգումը եթէ միայն ուղենիշ է կամ կանոնադրութիւն, նպատակը եթէ միայն վարչական կարգապահութիւն երաշխաւորելն է, ապա Հայոց Մայրավանքի մէջ բացակայ է շնորհքի եւ սիրոյ մթնոլորտը, յոգնեցուցիչ է անհատի պաշտամունքը: Մաղթենք որ մեր Սուրբ Եկեղեցին չվրիպի իր առաքելութեան բովանդակութենէն: Մեկնելով այս իրավիճակէն, այսու կու գամ Ձերդ Վեհափառութեան տեղեկացնելու թէ, 1 Նոյեմբեր 2013-էն սկսեալ, կը հրաժարիմ Ֆրանսայի Հայոց Թեմի պաշտօնէս, Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակի հանգամանքէս եւ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի անդամութենէն: Կը հրաժարիմ մէկ Նոյեմբերին, պարզապէս անոր համար որ յառաջիկայ Թեմական Պատգամաւորական ժողովը պիտի գումարուի Շաբաթ 19 Հոկտեմբեր 2013-ին, այսպիսով պատգամաւորները ժամանակ կ՚ունենան իրենց առաջնորդը ընտրելու որուն կրնամ փոխանցել բանալիներն ու փաստաթուղթերը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հաւատարիմ սպասաւոր, Նորվան Արք. Զաքարեան»: