Հունիսի 13-ին Ռուսաստանի Պոդոլսկում ուղևորատար ավտոբուսին հարվածած «Կամազ» բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանը Հայաստանից Ռուսաստան էր մեկնել՝ որդու շիրմաքարը տեղադրելու համար գումար վաստակելու նպատակով: Այս մասին НТВ հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Հրաչյա Հարությունյանի եղբայրը՝ Արթուրը:
«21-ամյա որդին վերջերս է մահացել: Թող ամբողջ Ռուսաստանը լսի ու իմանա, որ մեր ընտանիքի անդամներից ոչ ոք չէր ցանկանա նման վնաս հասցնել: Հավանաբար պատճառը մեքենայի արգելակներն են եղել»,- ասել է Արթուր Հարությունյանը:
НТВ-ն իր կայքում գրում է, որ «Կամազ»-ի վարորդի 21-ամյա որդին մահացել է բանակում: Ինքը՝ Հրաչյա Հարությունյանը, պատերազմի ընթացքում կոնտուզիա է տարել:
Նշենք, որ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է 18 մարդ (ավտոբուսում եղել է 64 մարդ): Բեռնատարի վարորդին մեղադրանք է առաջադրվել, նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: