Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու՝ Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստից հետո միջադեպ է գրանցվել: Ցուցմունք տալու համար դատարան եկած Ղուկասյանը (լուսանկարում) նիստից հետո իր շքախմբի հետ ծեծի է ենթարկել մեղադրյալի հորը:
2012 թվականի ապրիլին կատարված սպանության մեջ մեղադրվում է Հարություն Սարգսյանը, ով Անիի շրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է: Համաձայն վարկածներից մեկի, Սարգսյանը սպանությունը կատարել է խանդի հողի վրա: Մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչում:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում պատմել է ամբաստանյալի պաշտպան Լուսինե Սահակյանը, մտնելով դատարանի դահլիճ՝ Ղուկասյանը նախ հրահանգել է բոլոր լրագրողներին դուրս գալ դահլիճից: Կարքադրիչները լրագրողներին դուրս են հրավիրել, իսկ Սահակյանը առարկել է:
Ղուկասյանի՝ «շատ են ուզում, թող գան նստեն» արտահայտությունից հետո, դատավոր Մարտին Սարոյանը կարգադրել է լրագրողներին հետ կանչել: Սահակյանի խոսքով՝ ողջ նիստի ընթացքում Ղուկասյանը և իր հետ եկած շքախումբն անընդհատ խանգարել են նիստը՝ վիրավորելով նիստի մասնակիցներին, մասնավորապես, իրեն անվանելով «դև»: Պատասխանող կողմի՝ Ղուկասյանին կարգի հրավիրելու մասին բազում միջնորդությունները դատարանը անպատասխան է թողել:
Ցուցմունքում Ղուկասյանն ասել է, որ ավել բան չունի ասելու, քան ասել է նախաքննության փուլում, որի ընթացքում նշել էր, թե իր դուստրը և մեղադրյալը ծանոթ չեն եղել: Սահակյանի և ամբաստանյալ Սարգսյանի հարցերին նա առհասարակ հրաժարվել է պատասխանել: Փաստաբանը նշել է, որ, դուրս գալով նիստի դահլիճից, Ղուկասյանը և նրա շքախումբը ծեծել են Սարգսյանի հորը՝ Սամվել Սարգսյանին: Սահակյանը նշել է, որ մինչ ինքը դուրս է եկել դահլիճից, Ղուկասյանի խումբը հեռացած է եղել և ինքը չի տեսել՝ ով է հարվածել Սարգսյանին: Վերջինիս հագուստի վրա կոշիկի հետքեր են եղել, նրա ճնշումը բարձրացել է և Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետին տեղափոխել են հիվանդանոց: