Մինչև այս շաբաթվա վերջ Երևանի քաղաքապետարանը որոշում կընդունի ու կհայտարարի, թե որքան է թանկանալու ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը թերթի հետ զրույցում ասել է, որ ներքաղաքային երթուղիները սպասարկող տարբեր տնտեսվարողներ ուղեվարձի թանկացման վերաբերյալ քաղաքապետարան ներկայացրած իրենց հայտերում առաջարկել են ուղևորափոխադրումների գինը սահմանել 160-200 դրամ:
Քաղաքային իշխանությունները, սակայն, մերժում են 100 տոկոսանոց թանկացումը:
«Հավանական է, որ դա կլինի 50 տոկոսով», – ասել է Արթուր Գևորգյանը: Նա նաև ասել է, որ քաղաքապետարանը պնդում է, որ Երևանի բոլոր երթուղիների համար մեկ ընդհանուր գին լինի:
Թերթը ևս մեկ փաստարկ է նշում, որը հուշում է, որ տրանսպորտի գինը 150 դրամ է լինելու: Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հայտարարել էր, որ ուղեվարձի թանկացումը «կլոր» է լինելու, որպեսզի վարորդները մանրը վերադարձնելիս չդժվարանան: Քանի որ քաղաքապետարանը մերժում է 100 տոկոս թանկացումը, ուրեմն գինը 150 դրամ կկազմի: