Տավուշի մարզի Բաղանիս գյուղի տարածքում հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական կողմից հնչած կրակոցների պատճառով մոտ 12 ժամ փակվել է Երևան-Թբիլիսի ավտոճանապարհի Իջևանից-Նոյեմբերյան տանող հատվածի մի մասը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը:
«Հրաձգությունը սկսվել է երեկոյան 22.30-ից ու ընդամենը մի քանի րոպե է տևել, առանձնապես վտանգավոր բան չի եղել: Կրակոցները եղել են ոչ թե գյուղի, այլ սահմանի ուղղությամբ: Մեզ համար սա սովորական բան էր, գյուղում ոչ մի արհեստական լարվածություն չկա: Գիշերը նույնպես հանգիստ է անցել: Ողջ գիշեր երթևեկությունն իրականացվել է 2008 թվականին կառուցված պահուստային ճանապարհով ու կեսօրին՝ 12:00-ին, երբ ոստիկանները հանձնել են հերթապահությունն, ու ամեն ինչ նորմալ էր, երթևեկությունը նախկին ճանապարհով վերականգնվել է», – պատմել է Սահակյանը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, որոշում է կայացվել անվտանգությունից ելնելով ճանապարհների փոփոխություն անել: