Պոդոլսկի մոտ ավտովթարի հիմնական մեղավորը ոչ թե բեռնատարի վարորդն է, այլ բեռնատարի սեփականատերը: «Էխո Մոսկվի» կայքում «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել իրավաբան Միխայիլ Բարշևսկին:
«Ես չգիտեմ, միգուցե այս երկու դեմքերը համընկնում են: Բայց եթե այդպես չէ, ապա մեղավոր է սեփականատերը, քանի որ ակնհայտ է, որ վարորդը գիտակցաբար երթևեկության կանոններ չի խախտել»,- նշել է Բարշևսկին:
Նրա խոսքով՝ վթարի կադրերն ու սխեմաները ցույց են տալիս, որ առանց արգելակների ընթացող վարորդը, փորձելով խուսափել առջևից ընթացող մեքենաների հետ վթարից, դուրս է եկել դատարկ հանդիպակաց ճանապարհ:
«Մայրուղի դուրս գալուց առաջ նա փորձել է այնպես անել, որ հարվածը ճակատային չլինի: Նա ղեկը դեպի ձախ է թեքել, մեքենան ընկել է, և արդեն շրջված մեքենան հարվածել է ավտոբուսին: Այսինքն՝ նա փորձում էր ինչ-որ բան անել: Այդ պատճառով նրան ամեն ինչում մեղադրել դեռ վաղ է: Ես, իհարկե, քննիչ չեմ, բայց ՃՏՊ-ների հետ կապված գործեր վարելու փորձ ունեմ և կարող եմ ասել՝ այն, որ մեքենան արգելակներ չուներ և հավաքված էր տարբեր պահեստամասերից, սեփականատիրոջ մեղքն է»,- ասել է Բարշևսկին:
Հաղորդավարի դիտարկմանը, թե վարորդը պետք է նախապես համոզվեր, որ արգելակները աշխատում էին, Բարշեվսկին պատասխանել է, որ «արգելակման խողովակները չգիտես ինչու սովորություն ունեն պատռվել այն պահին, երբ պետք չէ, այլ ոչ թե այն ժամանակ, երբ դու դրանք ստուգում ես»:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել են, վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել: Առաջադրված մեղադրանքով նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Երկու օր առաջ Հարությունյանին անմիջապես հիվանդանոցից կնոջ խալաթով են բերել դատարանի դահլիճ, որտեղ նա անընդհատ փորձել է թաքցնել դեմքը տեսախցիկներից և արտասվել է: Հայաստանի քաղաքացու նման վիճակը երեկ ՌԴ դեսպանության դիմաց բողոքի ակցիայի պատճառ է դարձել: