Home / Հայաստան / Հացադուլ անող ազատամարտիկը պայքարում է բոլոր բողոքող խմբերի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հացադուլ անող ազատամարտիկը պայքարում է բոլոր բողոքող խմբերի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն արդեն 5 օր է հացադուլի է նստել Ազատության հրապարակում: Մարտական ընկերները պատրաստ են միանալ իրեն:

Հուլիսի 13-ից Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը կդադարեցնի հացադուլը միայն այն ժամանակ, երբ կառավարությունը լուծում կտա բողոքի ձայն բարձրացնող խմբերի խնդիրներին, այն է՝ բանակում զոհված զինծառայողների ծնողներ, խաբված բնակարանատերեր, ազատամարտիկներ և այլն:

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ազատամարտիկը նշել է, որ այս պահի դրությամբ իր ակցիան անժամկետ է, իր պահանջներն անձնական բնույթի չեն և ինքը «հայ ժողովրդի հավաքական կերպարն» է:

Խաչիկ Ավետիսյան

Նա շեշտել, թե իր ապագա անելիքների մասին կարևոր խոսքը կներկայացնի վաղը՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Ավետիսյանը հաստատել է, որ առյաժմ չի պատրաստվում փոխել իր մտադրությունը՝ անկախ նրանից, թե ինչ կասի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ազատամարտիկների հետ հանդիպման ժամանակ, որը նախատեսված է 15:30-ին:

Հունիսի 7-ին վարչապետն արդեն ընդունել էր ազատամարիկների պատվիրակությանը՝ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ, լսել նրանց պահանջները, մասնավորապես՝ բարձրացնել կեսնաթոշակները, անվճար բուժօգնություն տրամադրել, իսկ հանդիպման ավարտին խոստացել էր կառավարությունում քննարկել բարձրացված խնդիրները և փորձել անհրաժեշտ լուծումներ գտնել: Այսօր ազատամարտիկները ևս մեկ անգամ քննարկելու են իրենց խնդիրները կառավարությունում:

«Անկախ նրանից՝ վարչապետի առաջարկած լուծումը դրական կլինի, թե բացասական, ես շարունակելու եմ: Ընդունենք, թե մեր հարցի լուծումն այսօր տվեցին ու մենք տուն գնացինք, իսկ ի՞նչ անի գյուղացին, որը խնդիրներ ունի՝ նա էլ գա առանձին միտինգ, առանձին բողո՞ք անի: Բա խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը, որ ամեն հինգշաբթի բողոքում են կառավարության մոտ, բա խաբեությամբ բնակարաններից զրկված մարդիկ ի՞նչ անեն: Իմ հարցը անձնական չէ, այդ իսկ պատճառով ես հայտարարում եմ, որ իմ հացադուլն անժամկետ է», – ասել է մեր զրուցակիցը:

Նա նշել է, թե ժողովրդի մեջ տարածված կարծիք կա՝ «իբր հացադուլի նստելով ազատամարտիկները  հերթով լուծում են իրենց խնդիրները ու նման եղանակը շարունակական է լինելու», մինչդեռ ինքը համաձայն չէ այդ տեսակետի հետ:

«Իմ մարտական ընկերներից երկուսը, իմանալով հանդերձ, որ իրենց ենթակաները ինձ հասցրել են այս վիճակի, դեռ չեն արձագանքում, ինձ թվում է՝ վերջիվերջո կարթնանան ու հարցերին լուծում կտան: Մարտական ընկերը հավերժ է, բոլորն իմ ընկերներն են, իսկ թե ինչո՞ւ նրանցից շատերը՝ մասնավորապես, ՊՆ Սեյրան Օհանյանը, մեզ հետ չէ, հարցրեք իրենից», – խորհուրդ է տվել ազատամարտիկը:

Ավետիսյանի խոսքով ՝ ինքը հացադուլի ամբողջ ընթացքում ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չի ունեցել, ինչի համար շնորհակալ է նաև բժիշկներին, ովքեր «շատ սրտացավ ու հոգատար վերաբերմունք են դրսևորում իմ նկատմամբ»:

Ազատության հրապարակում Ավետիսյանին սատարող ազատամարտիկ Արևհատ Մարտիրոսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքն էլ է պատրաստվում հացադուլ հայտարարել: 80-ամյա կնոջ խոսքով՝ իր դիակը  գերեզման են տանելու հենց  Ազատության հրապարակից:

«Թող ամբողջ հանրապետությունը՝ նախագահից բռնած ամաչեն, որ էս տարիքի կինը հացադուլի է նստել», -ասել է Մարտիրոսյանը:

Արևհատ Մարտիրոսյան

Նա նշել է, որ առողջական մի շարք խնդիրներ ունենալով հանդերձ ինքը չի հրաժարվելու հացադուլի մտքից:

«Որպես մայր, որպես վիրավոր ազատամարտիկ ու զոհվածի մայր՝ խնդրում եմ, պահանջում եմ, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որպես մարտական ընկեր գա Ազատության հրապարակ ու տեսնի ազատամարտիկների վիճակը: Մենք բո՞մժ ենք, մի՞թե կարելի է, էսպես չի կարգը: Թող գա, ներկայանա, տեսնի մեր տղաները ի՞նչ վիճակով են էստեղ սուտկաներով անցկացնում՝ արևի տակ վառվում ենք: Կռվի դաշտում արյուն թափեցինք, էսօրվա դրությամբ ոչ միայն արդյունքի չենք հասել, ցավում եմ», – ասել է կին ազատամարտիկը: Նա նշել է, որ բնակարան չունի, շուրջ 20 տարի է բնակվում է ավտոտնակում, սակայն այսօր նա չի պահանջում լուծել իր բնակարանի խնդիրը, այլ պարզապես ցանկանում է սատարել իրենց իրավունքների համար պայքարող զինակից ընկերներին:

Հացադուլը կվերսկսելու պատրաստակամություն է հայտնել նաև անցյալ շաբաթ հացադուլը դադարեցրած ազատամարտիկ Շամիր Սահակյանը, ում Պաշպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստացել էր տրամադրել հասանելիք բնակարանը: Սահակյանը կրկին պատրաստ է հացադուլը որպես պայքարի միջոց ընտրել, եթե իր հարցը չլուծվի երկու շաբաթվա ընթացքում: