Հունիսի 17-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած ազատամարտիկների հիմնախնդիրների քննարկման արդյունքներով ստեղծվելու է հանձնաժողով, որի խնդիրն է լինելու ուսումնասիրել մարտական գործողություների մասնակցի կարգավիճակի շնորհումը, սոցիալ-տնտեսական վիճակի (կարիքների) գնահատումը և սոցիալական աջակցության մեթոդաբանական հիմքերի մշակումը: Այս մասին ասված է ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:
«ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994 թվականները` ներկայումս գործող 1990-1994 թվականների փոխարեն, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ներկայումս գործող ընթացակարգը փոփոխել և ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ու ՀՀ ոստիկանությունում գործող համապատասխան գերատեսչական հանձնաժողովների փոխարեն ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով», – ասված է հաղորդագրությունում:
Հանձնարարվել է իրականացվող գործընթացների աշխատանքներին ներգրավվել նաև ազատամարտիկների ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազատամարտիկները դժգոհել են վարչապետի հետ հանդիպումից՝ նշելով, որ թոշակները բարձրացնելու և անվճար բուժօգնություն տրամադրելու իրենց պահանջներն անարձագանք են մնացել: