ՀՅԴ-ի Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեն դժգոհ է Գարեգին Բ-ի՝ ֆրանսահայ թեմի կյանքին «մենատիրական միջամտություններից», և ցանկանում է, որպեսզի Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան Սրբազանը վերանայի հրաժարականի իր դիմումը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեն լուրջ մտահոգությամբ է հետևում Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի հետ կապված զարգացումներին: Տարածած հաղորդագրության մեջ ՀՅԴ-ականները նշում են, որ այդ հրաժարականը ծանրակշիռ, մտահոգիչ հետևանքներ ունի և աննախադեպ է ֆրանսիահայ համայնքի համար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի թեմի առաջնորդը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հրաժարականի նամակ էր ուղարկել՝ իր դժգոհությունը հայտնելով կաթողիկոսի գործելաոճի կապակցությամբ:
ՀՅԴ-ի Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեն նշում է, որ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը 45 տարվա անառարկելի վաստակ ունի ֆրանսահայ համայնքի կյանքում ու մշտապես ներդրում է ունեցել Հայ Դատի աշխատանքներում:
«Առաջնորդ Սրբազանի հրաժարականի հիմնական պատճառն Ամենայն Հայոց կաթողիկոսի խիստ ու կարծր հարաբերությունը և կառավարման ոճն ու եղանակն են Ֆրանսիահայ թեմի հետ: Անտեղի և մենատիրական միջամտություններ՝ անհարիր Ֆրանսահայոց Թեմի կանոնադրության տառին և ոգուն, ինչպես նաև Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի տիպար վարքագծին», -ասված է հայտարարության մեջ:
ՀՅԴ-ն նշում է, որ ստեղծված իրավիճակը բարդ է ու գերմտահոգիչ, և մեծ է հավանականությունը, որ մենատիրական միևնույն տրամադրությամբ Թեմին պարտադրվի հաջորդ առաջնորդը: Հայտարարության հեղինակների խոսքով՝ դա ոչ միայն անընդունելի է ֆրանսահայ համայնքի համար, այլև կարող է վերաբացել ֆրանսիահայ գաղութի «անցյալի բաժանումների սպիացած վերքերը»:
«Առ այդ, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանդարտության և զգաստության կոչ է ուղղում բոլորին՝ ի խնդիր ապագայի պահպանման: Միակ հնարավոր ելքը Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին համոզելն է, որպեսզի վերջինս վերանայի հրաժարականի դիմումը: Միաժամանակ հարկավոր է երկխոսության դիմել Վեհափառ Հայրապետի հետ, որ, իր հերթին, նպաստի այս ընթացքին՝ հարգելով Ֆրանսիահայոց թեմը և նրա հոգևոր ղեկավարին», – եզրափակում են հայտարարության հեղինակները: