ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակն արձագանքել է Կարեն Անդրեասյանի՝ Հրաչյա Հարությունյանին վերաբերող նամակին: Անդրեասյանը նաև հանդիպել է Հարությունյանի դստեր հետ:
Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Վլադիմիր Լուկինը (լուսանկարում), չնայած այս օրերին գտնվում է արձակուրդում, այդուհանդերձ հանձնարարել է հրատապ արձագանքել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նամակին, որում վերջինս Լուկինին խնդրում էր պաշտպանել վարորդ Հրաչյա Հարությունյանի իրավունքները:
Ինչպես հաղորդում է ՀՀ օմբուդսմենի գրասենյակը, Անդրեասյանին ուղղված պաշտոնական գրության մեջ նշված է, որ «Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի մասին» դաշնային օրենքի համաձայն` գործին պատշաճ ընթացք տալու համար անհրաժեշտ է Հրաչյա Հարությունյանի ֆորմալ դիմումի առկայությունը:
Ֆորմալ դիմումի առկայության ապահովման նպատակով ՀՀ օմբուդսմենի խորհրդական Երանուհի Թումանյանցը Հրաչյա Հարությունյանի փաստաբանին է փոխանցել այդ ֆորմալ դիմումի նախագիծը, որում հատկապես շեշտված են երկու խնդրահարույց հարցեր. «Այն է` ինչ պայմաններում ու ինչ հանգամանքների ուժով է Հրաչյա Հարությունյանը նման նվաստացուցիչ պայմաններում բերման ենթարկվել դատարան և արդյոք Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը թույլ էր տալիս նրան տեղափոխել քննչական մեկուսարան»:
«Կարեն Անդրեասյանն այսօր նաև հանդիպել է Հրաչյա Հարությունյանի դստեր` Լիլիթ Հարությունյանի հետ և քննարկել է նրա ընտանիքին հուզող մի շարք խնդիրներ: Ի թիվս այլ խնդիրների` Հրաչյա Հարությունյանի դուստրը ցանկացել է մեկնել Մոսկվա և տեսակցել հորը` համոզմունք հայտնելով, որ իր հետ հանդիպումը կօգնի Հրաչյա Հարությունյանին դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից, ինչպես նաև թույլ կտա իրենց համոզվել, որ Հարությունյանը գտնվում է նորմալ վիճակում: Հաշվի առնելով, որ Հրաչյա Հարությունյանի ընտանիքն այս պահին գտնվում է ֆինանսական ծանր վիճակում՝ Հարությունյանների ճակատագրով մտահոգված մարդիկ կարող են Մոսկվա մեկնելու և այլ անհրաժեշտ ծախսերի համար դրամ փոխանցել Հարությունյանների օգնության համար բացված հաշվեհամարներին. 24105013280200 դրամ/AMD, 24105013280201 ԱՄՆ/USD, 24105013280202 Ռուբլի/RUR», – ասված է օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Պոդոլկսի մոտ Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազի» արգելակները շարքից դուրս են եկել, բեռնատարը կողաշրջվել է և հարվածել ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել են: Առաջադրված մեղադրանքով նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Հարությունյանն ինքն էլ մարմնական վնասվածքներ է ստացել: Երկու օր առաջ նրան այդ վիճակում անմիջապես հիվանդանոցից կնոջ խալաթով դատարանի դահլիճ են բերել, որտեղ նա անընդհատ փորձել է թաքցնել դեմքը տեսախցիկներից և արտասվել է: Հայաստանի քաղաքացու նման վիճակը ՌԴ դեսպանության դիմաց բողոքի ակցիաների պատճառ է դարձել:
Լուսանկարը՝ tverlife.ru