Հուլիսի 16-ին Գյումրիի դատարանում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից ծեծի ենթարկված Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի առողջական վիճակը դեպի լավն է գնում, այսօր նրան վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն առանձին հիվանդասենյակ:
Epress.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի բժշկական կենտրոնի բժիշկ Սուսաննա Հակոբյանը, որ ստացվել են Սարգսյանի արյան անալիզների պատասխանները, որոնք հերքել են բժիշկների կանխատեսումները հնարավոր կաթվածի մասին: Հիշեցնենք, որ Սարգսյանին հիվանդանոց էին տեղափոխել նախակաթվածային վիճակում և մարմնական վնասվածքներով:
Բժշկի խոսքով՝ երեկ արդեն Սարգսյանի արյան ճնշման տատանումները նվազել են:
Մինչ այսօր լինելով վերակենդանացման բաժանմունքում՝ Սարգսյանը չի խոսել ոչ հարազատների հետ, ոչ իրեն այցելած քննիչների հետ: Ինչպես երեկ Epress.am-ի հետ զրույցում հայտարարել էր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը, ոստիկանության Մուշի բաժնում դեպքի առնչությամբ նյութեր են ուսումնասիրում, սակայն քրեական գործ դեռ չի հարուցվել բողոքի բացակայության պատճառով:
Ծեծի օրը դատարանում քննվում էր Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործը: Մեղադրյալը Սամվել Սարգսյանի որդին է՝ Հարություն Սարգսյանը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում: