Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրագրողներին «հայրենասեր» լինելու և պետական շահերին ծառայելու կոչ է արել: Այս մասին նա հայտարարել է լրագրողների համար նախատեսված բազմաբնակարան շենքի բացման արարողության ժամանակ՝ նվիրված Ազգային տպագիր մամուլի օրվան: Ինչպես հայտնում է contact.az-ը, շենքը նախագահի կարգադրությամբ կառուցվել է Բիբի-Էյբաթ ավանում: Կան տեղեկություններ, որ բնակարան ստացողների թվում են նաև ընդդիմադիր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
«Քաղաքական հայացքների բախումը բնական երևույթ է: Բայց մենք չպետք է պետական շահերը քաղաքական հավակնությունների զոհը դարձնենք: Քանի որ անկախությունը ամենաբարձր արժեքն է, մենք պետք է պաշտպանենք մեր անկախությունը: Ցավոք, դեռևս կան ստրուկի հոգեբանությամբ ապրող մարդիկ, ովքեր աջակցություն են փնտրում արտասահմանում: Երբ ասում եմ արտասահման, ինձ համար տարբերություն չկա՝ որ բևեռի մասին է խոսքը: Աշխարհի շատ մասերում գործընթացը բացասական ուղղությամբ է ընթանում, դիմակայություններ են տեղի ունենում: Ո՞վ է մեզնից շատ պաշտպանելու մեր շահերը: Ոչ ոք»,- ասել է Ալիևը:
Նա նաև ընդգծել է Ադրբեջանի առաջընթացի մասին համացանցային ռեսուրսների միջոցով միգազգային հանրությանը տեղեկացնելու անհրաժեշտությունը:
Նոր շենքում կա 158 բնակարան: Միջոցառումից առաջ նոր բնակարանների սեփականատերերը այցելել են Հեյդար Ալիևի գերեզմանը: Շենքի բացմանը ներկա էր ինքը՝ նախագահ Ալիևը:
Նա նշել է, որ նոր շենքում բնակարաններ են ստացել տպագիր մամուլի տարբեր ներկայացուցիչներ, տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ: «Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանում որևէ բնագավառում չկա խտրականություն»,- ասել է Ալիևը՝ ավելացնելով, որ պետությունը շարունակելու է հոգ տանել տպագիր մամուլի մասին: Նա չի բացառել, որ ապագայում այդ շենքի շրջակայքում կկառուցվի լրագրողական թաղամաս:
Բնակարաններ ստացած լրագրողների պաշտոնական ցուցակը չի հրապարակվել: Տարբեր ԶԼՄ-ների ոչ պաշտոնական ցուցակների համաձայն՝ բնակարաններ ստացածների թվում են մի շարք խմբագիրներ և ընդդիմադիր «Ազադլիգ», «Յենի Մուսավաթ» թերթերի ներկայացուցիչներ, հայտնում է contact.az-ը: