Home / Տեսանյութեր / Հայրիկյանը ողջունում է ակցիաները, առաջարկում է պայքարել պատճառների դեմ

Հայրիկյանը ողջունում է ակցիաները, առաջարկում է պայքարել պատճառների դեմ

ԱԻՄ աջանորդ Պարույր Հայրիկյանը ողջունում է տրանսպորտի գնի բարձրացման դեմ քաղաքացիական ակցիաները՝ համարելով, որ դրանով քաղաքացիները ինքնորոշում են դրսևորում:

Ըստ Հայրիկյանի՝ դա չափազանց դրական երևույթ է, քանի որ չկա ավելի կարևոր սկզբունք, քան ինքնորոշումն է: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը կմիանա շարժմանը՝  բանախոսն ասել է, որ ավելի շուտ է միացել, քան սկսել են երիտասարդ ակտիվիստները:

«Այլևս կարող ենք մոռանալ լռության մասին: Լռությունը, փառք Աստծո, խախտված է: Հանրությունը արձագանքեց և՛ Հրաչյա Հարությունյանի հետ տեղի ունեցածին, և՛ տրանսպորտի թանկացմանը», – ասել է Հայրիկյանը:

Հայրիկյանը նկատել է, որ տրանսպորտի գնի բարձրացումը գազի գնի բարձրացման հետևանք է, իսկ դա էլ ունի իր պատճառները: Ինքը, որպես քաղաքական գործիչ, նախընտրում է պայքարել պատճառների դեմ, ոչ թե հետևանքների:

«Ինձ չի հետաքրքրում ինչ կանի իշխանությունը այս մեծ աղմուկից հետո: Ինձ հետաքրքրում է՝ արդյոք բանակցությունները վարել են Իրանի հետ՝ գազ ներկրելու համար: Իշխանությունը նրա համար է, որ կանխատեսի ու կանխի ժողովրդին սպառնացող վտանգները, ոչ թե տեղում որոշումներ կայացնի: Չեն անում, քանի ռուսական հարճեր են, տղամարդ հարճեր, ոչ թե ստրուկներ»,- ասել է Հայրիկյանը:

Նա որպես լուծում հիշեցրել է իր առաջարկած կատարյալ ժողովրդավարության մոդելը, որը, ըստ Հայրիկյանի, թույլ կտա ազատվել ռուսական իմպերիալիզմից, որի նպատակն է Հայաստանում թողնել ոչ ավել քան 3 միլիոն մարդ, որոնք ուղղակի չեն կարողանա հեռանալ և պետք է զբաղվեն ռուսներին գովերգելով:   

Անդրադառնալով նոյեմբերին ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի հնարավոր ստորագրմանը՝ Հայրիկյանն ասել է, որ որևէ խելամիտ մարդ դրան դեմ լինել չի կարող:

«Մենք այլընտրանք չունենք ԵՄ-ին: Մենք այն արժեհամակարգի կրողն ենք, որը կա ԵՄ-ում: ԵՄ-ի և Ռուսաստանի միջև ընտրությունը նման է գառների և կատաղած արջի միջև ընտրություն անելուն»,- ասել է Պարույր Հայրիկյանը: