Երևանի կենտրոնական կանգառներում ուղեվարձի թանկացման դեմ ակցիաների 5-րդ օրն է: Վարորդները փորձում են շրջանցել կանգառները և վիճում են բողոքող ակտիվիստների հետ:
Այսօր 11:30-ի սահմաններում Սայաթ Նովա-Բաղրամյան խաչմերուկի մոտ գտնվող հարակից կանգառում երթուղայինների և ավտոբուսների վարորդներից մի քանիսը վեճի են բռնվել ակցիա իրականացնող ակտիվիստների հետ:
Վարորդներից շատերը, տեսնելով կանգառում ակցիա անցկացնող երիտասարդներին, խուսափում են կայանելուց և շարունակում են ճանապարհը, կամ էլ ուղևորներին իջեցնում են երկրորդ կամ երկրորդ գծում:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում 50 տարեկան մի կին, ում համար 8 երթուղայինի վարորդը իջեցրել էր երրորդ գծում, բողոքել է, թե երթուղայինում վարորդը սկսել է վիճել ուղևորների հետ այն բանից հետո, երբ իջնելուց 100 դրամ են վճարել և նույնը խորհուրդ են տվել մնացածին:
Կինը պատմել է, որ վարորդը սկսել է աղմկել, արգելակել է մեքենան ու իրեն իջեցրել փողոցի կենտրոնում, քանի որ ինքն էլ է պատրաստակամություն հայտնել 100 դրամ վճարել:
Վարորդներից մեկն էլ կանգառ է մտել, սակայն մոտեցող ակտիվիստին տեսնելով՝ չի բացել ավտոբուսի դռները: Այդ ընթացքում ակտիվիստներից մեկը մեքենայի ապակուն փակցրել է «Վճարում ենք 100 դրամ» իրազեկող թռուցիկը, ինչից վարորդը բորբոքվել, իջել է ղեկից ու սկսել է հրել ու քաշքշել ակտիվիստին:
Մեր թղթակցի միջամտությունից հետո, ով խնդրել է դադարեցնել վեճը, վարորդը նստել է մեքենան ու շարժվել է: