«Կերեք, կշտացեք» գրությամբ «50 դրամանոցի» պատկերով ձևավորված տորթը քիչ առաջ քաղաքապետարանի շենքի դիմաց ակցիա անցկացնող ակտիվիստները ուղարկել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ դրանով արտահայտելով իրենց բողոքը տրանսպորտի սակագնի ավելացման դեմ:
Քաղաքապետի և նրա աշխատակազմի համար հատուկ պատվիրված տորթը քաղաքապետարանի շենք է մտցրել «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը, քանի որ հավաքված մի քանի տասնյակ ոստիկանները՝ գնդապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, թույլ չեն տվել ակտիվիստներին շարժվել դեպի շենքի մուտքը:
Ակտիվիստները մի քանի րոպե բանակցել են Օսիպյանի հետ, հորդորել, որպեսզի վերջինս թույլ տա տորթը մտցնել քաղաքապետարանի շենք՝ ընդգծելով, թե շոգից հալվելու է, ինչին գնդապետը բացասական պատասխան է տվել:
Ակցիայի մասնակիցները փորձել են հեռախոսով կապվել քաղաքապետարանի մամուլի ծառայության պետ Արթուր Գևորգյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարները կամ զբաղված են եղել, կամ չեն պատասխանել, ինչից հետո ակտիվիստներից մեկը կապվել է մամուլի ծառայության բաժին և աշխատակցին փոխանցել, թե իրենք ուզում են տորթ նվիրել քաղաքապետին: Ակտիվիստը նաև խնդրել է ներքև իջնել ու վերցնել տորթը:
Ավելի ուշ՝ տորթը հալվելուց փրկելու համար, ակցիայի մասնակիցները որոշել են այն քաղաքապետին հասցնել ավագանու անդամի օգնությամբ, ինչին Սանասարյանը համաձայնել է:
Ակտիվիստները ծափերով են «ճանապարհել» տորթը, մի քանի րոպե կանգնել են շենքի դիմաց, ապա երթով շարժվել են քաղաքի կենտրոն՝ իրենց ամենօրյա բողոքի ակցիաները կանգառներում շարունակելու համար: