Home / Հայաստան / Ավանի թաղային հեղինակությունները շրջում են ակտիվիստների մոտ. նստացույցը շարունակվում է

Ավանի թաղային հեղինակությունները շրջում են ակտիվիստների մոտ. նստացույցը շարունակվում է

Մինչ մի քանի տասնյակ ակտիվիստներ նստացույց են անում Երևանի քաղաքապետարանի մոտ, նրանց մոտ շրջում են նաև մի խումբ երիտասարդներ, որոնք երկու օր առաջ խոչընդոտել են Ավանի կանգառներից մեկում տրանսպորտի թանկացման դեմ ակցիան:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է ակտիվիստ Անի Կաղինյանը, այդ տղաները թաղային հեղինակություններն են, որոնք դեռևս ընտրությունների ժամանակ շրջում էին ընտրատեղամասերում՝ աշխատելով Տարոն Մարգարյանի համար:

«Ես վտանգ եմ տեսնում, որ այդ խուժաններն այսօր կփորձեն բախում հրահրել: Ակտիվիստներին զգուշացրել եմ, որ ուշադիր լինեն ու սադրանքների չենթարկվեն», – ասել է Անի Կաղինյանը՝ նշելով, որ այդ տղաներն ազատ մուտք են գործում քաղաքապետարանի շենք, մինչդեռ ակտիվիստներին թույլ չեն տալիս անգամ մուտքին մոտենալ:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, քիչ առաջ քաղաքապետարանի մոտ խոտածածկ տարածքում նստած ակտիվիստներին խնդրել են հեռանալ: Տարածքի բարեկարգմամբ զբաղվող տարեց տղամարդն ասել է, որ «վերեևից հրաման կա հնձել խոտը»: