Հայաստանի քաղաքացի 22-ամյա Ասատուր Խաչատրյանը, ում Ուկրաինայից սխալմամբ ուղարկել էին Ադրբեջան, բարեհաջող վերադարձել է Կիև:
ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ երիտասարդը Բաքվից մեկնել է «МАУ» ավիաընկերության 602 չվերթով:
Երեկ Ասատուրի մայրը՝ Անուշ Խաչատրյանը, Shamshyan.com-ին պատմել է, որ որդուն հուլիսի 22-ին ուղարկել է Կիև՝ իրենց բարեկամների տուն: Կիևի օդանավակայանում պարզվել է, որ տղան որոշակի փաստաթղթային խնդիրներ ունի և նրան պետք է որ հետ ուղարկեին Հայաստան: Սակայն այնպես է ստացվել, որ Խաչատրյանին հուլիսի 24-ին, սխալմամբ ուղարկել են Բաքու:
Այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում Ասատուր Խաչատրյանն ասել է, որ մինչև ինքնաթիռի վայրէջքը չի իմացել, որ Ադրբեջան են ուղարկում: Հետո անակնկալի է եկել, ռուսերենով հարցրել է, թե ինքը որտե՞ղ է, ասել են՝ Ադրբեջանում է:
«Այնտեղ չգիտեին, որ ես հայ եմ, հետո երբ իմացան, Կիևից արդեն տեղեկացրել էին սխալմունքի մասին և նորմալ ինձ վերաբերվեցին, թեև ներքուստ ես վախենում էի: Անակնկալի եկան, բայց ինձ չնեղեցին, հետո ինձ շատ լավ էին վերաբերվում, կերակրում էին, օգնում էին, ամեն ինչ նորմալ էր: Մի հատ մարդ կար, ինձ ասում էր՝ ինչով կարող եմ կօգնեմ, որ տուն հասնես, և օգնում էր ինձ, այնպես որ նորմալ է, շնորհակալ եմ», – ասել է երրիտասարդը:
Նա Ադրբեջանում մեկ օր է անցկացրել. գիշերը քնել է օդանավակայանում. «Մեկ սուտկա մնացի ես այնտեղ: Քնեցի հենց տամոժնյայի մեջ, ուրիշ տեղ չուզեցի, ինձ սնունդ, անկողին, սպիտակեղեն, ամեն ինչ տվեցին, բայց շատ երկար գիշեր էր, մինչև լուսացավ, և փառք Աստծո, ես հիմա նորից Կիեւում եմ և եղբորս հետ սրճարանում թեյ եմ խմում, ամեն ինչ նորմալ է»: