Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը քաղաքական ամբիցիա և խաղ է տեսնում տրանսպորտի ավելացած սակագնի դեմ պայքարող ազնիվ երիտասարդներին միացած շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների պայքարում: Epress.am-ի հետ զրույցում Ադամյանն ասել է, որ ուրախ է մղվող պայքարի համար, սակայն կցանկանար, որ նույն մարդիկ միանային այլ նախաձեռնություններին, մասնավորապես՝ գազի թանկացման դեմ ակցիաներին:
«Ոչ մի րոպե չեմ կասկածել իրական պայքար տանող երեխաների ազնվությանն ու նվիրվածությանը: Շոու բիզնեսի՝ պայքարին միանալու խաղի մեջ տեսնում եմ խնդիր՝ քաղաքապետին փոխելու, որպեսզի լինի մի բան, ու իրենք ասեն՝ տեսեք, մենք միացել ենք ազնիվ երեխաներին, ինչ լավն ենք: Կարճ ասած՝ «աչոկ» են հավաքում նախաձեռնող խմբերի մոտ: Փորձս թույլ է տալիս անել այս քաղաքական անալիզը, ու կարծում եմ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ կստիպեն, որ քաղաքապետը հրաժարական տա, ինչի համար ես միայն ուրախ կլինեմ, բայց արդյո՞ք այդ քաղաքապետի տեղը զբաղեցնելու է արժանի մեկը: Ես կասկածներ ունեմ, թե նա ով է, ու այսօրվա շոու-բիզնեսի պռոհանրապետական, պռոկառավարական շայկան հասնելու է նրան քաղաքապետ կարգելուն», – ասել է Ադամյանը՝ չնշելով հնարավոր թեկնածուի անունը:
Նրան տարօրինակ է թվում այն հանգամանքը, որ միայն տրանսպորտի գնի թանկացումից հետո է նման աղմուկ բարձրացել:
«Շատ կասկածելի է, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք լուրջ սոցիալական խնդրին անդրադարձ ունենալու ժամանակ ձեռքները լվացած իրենց տներում նստած անգամ մեկ ելույթ չունեցան ու չասացին՝ հարգելի կառավարություն, հարգելի պրեզիդենտ, այս ի՞նչ եք անում ժողովրդի հետ: Ես բոլորին շատ հարգում եմ, բայց միշտ էլ կասկածել եմ, որ այս մարդիկ երբևիցե մի լուրջ խնդրով կմիանան հանրությանը, այն դեպքում, երբ գազի գնի թանկացումից հետո մի շարք նախաձեռնությունների անդամների հետ շրջում էինք քաղաքի փողոցներով, մեզ ճղում էինք, թե՝ մարդիկ, միացեք, վիճակը սարսափելի է, վեր կացեք, պահանջեք, որ սա չանեն, բոլորը խուսափում ու բառիս բուն իմաստով փախնում էին: Հարց եմ տալիս՝ ո՞ւր էին այս մարդիկ, քնե՞լ էին», – ասել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ խնդիրը շատ լուրջ էր և կապված էր հարուստ կառույցների հետ, ու նման կառույցների հետ կոնֆլիկտի մեջ մտնելը ձեռնտու չէր, իսկ այստեղ այդ կոնֆլիկտը իրենց պետք է:
«Այս պռոհանրապետականներին միանգամից մտցրել են սկանդալային պրոցեսի մեջ վերևից ասել են, թե՝ «այսպես կանեք» ու չեմ վախենում ասել, որ Տարոն Մարգարյանից ավելի վատին են բերելու: Շատերը ասում են՝ ոչինչ, թող միանան, բայց չեն մտածում. կգա մի սահման, երբ իրենք ազնիվ տեսակին կթողնեն սահմանի վրա ու կհեռանան, իրենք այդ որակի մարդիկ են», – ասել է «Էկո» դաշինքի համակարգողը:
Վերջինս նաև ահազանգ է հնչեցրել, թե խնդիրը սրանով չի լուծվելու, քանի որ 2014 թվականի ապրիլին գազի գինը նորից է բարձրանալու:
«Պետք է լուծել արմատական խնդիրը, պետք է կասեցնել ՀայՌուսգազարդի խուլիգանական վերաբերմունքը, մինչդեռ պատերազմում ենք ածանցյալների հետ: Մենք պետք է կասեցնենք գազի և էլեկտրաէներգիայի խնդիրը, այլապես բոլոր ածանցյալները մահացու են լինելու», – ասել է Ադամյանը:
Նա հայտարարել է, որ շարունակելու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից պահանջել պատասխանել հարցին՝ ինչո՞ւ էր հայտարարում, թե գազի գնի թանկացումից տրանսպորտի սակագինը չի թանկանա:
«Թող նույն հեռուստաընկերության եթերից ընդունի իր սուտը, ինչպես որ գազի գնի դեմ պայքարող նախաձեռնություններին էր մեղադրում սուտ լուրեր տարածելու ու ժողովրդին ապակողմնորոշելու մեջ: Մենք չենք ապակողմնորոշել ոչ մեկի, մեր կանխատեսումները սուտ չէին, ու մինչ օրս Նազարյանից ոչ մի արձագանք չեմ ստացել», – ասել է Սիլվա Ադամյանը: