13 օր առաջ Գյումրիում ամուսինը կնոջը դանակի 10 հարված է հասցրել: Հարևանները պնդում են, որ դանակահարությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա, իսկ տուժած կինը հրաժարվում է մեկնաբանություններից:
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության Արագ արձագանքման Խմբի ներկայացուցիչ Նելլի Բաբայանը ներկայացրել է Գյումրիում տեղի ունեցածը՝ զրուցելով տուժածի սկեսրոշ և հարևանների հետ:
Արթուր Չաքմիշյանը հուլիսի 15-ին էր վերադարձել Մոսկվայից Գյումրի կնոջ և երկու երեխաների մոտ (5 և 1.5 տարեկան), իսկ արդեն հաջորդ օրը նա դանակի տասը հարված է հասցրել կնոջը՝ 28-ամյա Արփինե Չաքմիշյանին: Ոստիկանությունը ձերբակալել է Արթուրին: Ինչպես նշում են հարևանները, դանակահարությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա. նա 10 անգամ հարվածներ է հասցրել կնոջը:
«Լուսի պես օջախս մարեց, լուսի պես: Չգիտեմ, չգիտեմ, էդ ինչ կատարվեց», – ասել է Արթուրի մայրը՝ Անիչկա Չաքմիշյանը, որը, փորձել է միջամտել վեճի ժամանակ և լրջորեն վնասել է ձեռքը:
Նելլի Բաբայանի հետ զրույցի ընթացքում Անիչկա Չաքմիշյանն անընդհատ շեշտել է, որ հարսը շատ լավ աղջիկ է՝ «մի թթու, կծու խոսք ասած չկար, մարդուն էլ երբեք չի հակաճառել, տանից մենակ դուրս չէր գալիս, միշտ միասին էինք»:
Երեխաները ծնողների վեճը չեն տեսել. հիմա մորական տատի ու պապի հետ են ապրում. տիկին Անիչկան վստահեցնում է, որ դեպքից հետո էլ հարսի հետ լավ հարաբերություններ ունի, թեև որդին մի քանի տարի կալանք կկրի, բայց հարսի հետ թշնամիներ չեն:
Արփինե Չաքմիշյանն այժմ Գյումրու բժշկական կենտրոնում է, բժիշկներն ասում են` այնքան արյուն էր կորցրել, որ ճնշումը 60/0 էր՝ հեմորագիկ շոկով տեղափոխվել է հիվանդանոց:
«Կյանքին վտանգ էր սպառնում, չեմ կարող ասել, թե ինչքան ուշացնելու դեպքում կկորցնեինք Արփինեին, բայց հիմա վիճակը բավարար է, կազդուրվում է, աշխույժ է, ման է գալիս, 3-4 օրից դուրս կգրվի», – ասել է բուժկենտրոնի վիրաբույժ Հրանտ Պալոյանը, որն ընդունել է տուժածին ու վիրահատել: Բժշկի ներկայացմամբ՝ Արփինեի մոտ վնասվածքներ կային մարմնի գրեթե բոլոր հատվածներում՝ կրծքավանդակում, կրծքերի հատվածում, պարանոցին, բայց առավել ուժեղ հարվածներ է ստացել որովայնին. հարվածը թափանցող էր, ներքին արնահոսություն է եղել:
Դանակի 10 հարված ստացած Արփինեն չի ցանկացել զրուցել Արագ արձագանքման խմբի ներկայացուցիչների հետ. «Ես բան չունեմ ասելու, ամեն ինչ լավ ա, չգիտեմ ինչի տենց եղավ»:
Արփինեի հայրն էլ, 5-ամյա դուստրն էլ այդ պահին հիվանդասենյակում են: Հայրը զայրույթով արգելել է խոսել ու նույնպես հրաժարվել է որևէ բան ասել:
Արթուրն արդեն երկար տարիներ է արտագնա աշխատանքի է մեկնում Մոսկվա, 6 ամիսը մեկ վերադառնում է Գյումրի, բայց ընտանիքը պահելու համար անպայման նորից մեկնում Ռուսաստան: Այս անգամ Արթուրը հապշտապ է եկել Գյումրի: Թաղի բնակիչները պատմում են, որ շատ սիրով ընտանիք էր, երբեք չեն լսել, որ վիճաբանություն լինի, դեպքից հարևաններն էլ զարմացած են. «Խելոք աղջիկ էր, տեսնում էինք գալիս էր էրեխեքի հետ զբոսնում էր, ավելորդ բան չենք նկատել: Բայց ասել են նաև, որ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի պատճառով ա մարդը խփել: Հարևանների խոսքով՝ պատահական բացահայտվել է, որ կինն «Օդնոկլասնիկում» է գրանցված, ամուսինն էլ մի քանի անգամ ասել է՝ դուրս արի, կինը դուրս չի եկել, «մարդն էլ եսիմ ինչեր ա կասկածել, հելել, վռազ եկել ա ու էտ ա՝ խփել ա»:
«Բայց դե կարող ա, մեկը խառնել ա էդ ընտանիքը», – նշել են հարևանները:
Տղայի հարազատները Նելլի Բաբայանի հետ զրույցում ևս նշել են՝ խանդի հողի վրա է դանակահարել, բայց հերքել են, որ սոցիալական ցանցում Արփինեն գրանցված է եղել. «Չէ, չէ էդ աղջիկը մենակ սկայփով մարդու հետ էր խոսում, ուրիշ բան չկար, ինքը տենց բան չէր անի»:
«Սա Գյումրին է, էստեղ ավելի լավ է ասեն՝ տղես գնա նստի, քան թե ասեն՝ հարսը մի քիչ էն չէր: Թասիբի մեռած մարդիկ են գյումրեցիք, դրանով նաև տղու թասիբն ա պահում, որ ասում ա՝ հարսս օդնոկլասնիկում չկա», – պնդել են հարևանները:
Շիրակի մարզի ՀՀ Ոստիկանության քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանը հաստատել է, որ Արթուր Չաքմիշյանի մայրն էլ միջամտել է ու ձեռքի վնասվածքներ ստացել: Նա նույնպես նշել է, որ դեպքի պատճառը սոցիալական ցանցն է եղել:
Հիմա Արթուրը Արթիկի քրեակատարողական հիմնարկում է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորության մեկ ուրիշին ծանր վնաս պատճառելը): Խանդի հետևանքով կնոջը դանակահարելու համար Արթուրին սպառնում է 3-7 տարի ազատազրկում, թեև, Ալբերտ Երիցյանի խոսքով, չի բացառվում մեղադրանքը վերաորակավորվի և հոդվածը փոխվի:
Այն, որ մահից փրկված կինը չի ցանկացել որևէ բան ասել, գյումրեցիներին հատուկ վարքագիծ է, պնդել են հարևանները. «Ստեղ սաղ ադաթ-սադաթով են, բա հարսը պիտի բերանը փակ լինի, խոնարհ լինի, պտի չխոսա, բա էն կնիկը, որ իրա մարդու դեմ բան ասի, մարդուն անպատվի, էլ դա ինչ կնիկ: Բայց էդ խոպանը, ախր էդի կործանում ա մեր ազգն ու ընտանիքները: Հիմա ասենք թե մեկի մարդը խոպան ա, հիմա դե աղջիկ ա, դուրս ա գալիս, մեկն էլ նայում ա, ասում ա՝ յա, լավ էլ կնիկ ա, ոնց որ տեր էլ չունի գլխին: Հազար ու մի բան կարա լինի, որ մարդը խոպան ա լինում»: