Home / Հայաստան / Երևանը Կիև չէ. հնարավորությունների սահմանն այլ է, վստահ է ռուսաստանցի փորձագետը

Երևանը Կիև չէ. հնարավորությունների սահմանն այլ է, վստահ է ռուսաստանցի փորձագետը

Ռուսաստանի հետ կապերը խզելն ու այդպիսով «անվտանգության հովանոցից» զրկվելը Հայաստանի շահերից չի բխում: Այս մասին Vesti.az-ի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, «Հյուսիս-հարավ» քաղաքական կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսեյ Վլասովը:

«Խոսքը հայկական քաղաքականության ուկրաինացման մասին է. Մոսկվայի ու Բրյուսելի միջև հավասարակշռություն ձևավորելով՝ ընդլայնում են տեղական էլիտային մանևրելու տարածությունը: Այլ հարց է, որ Երևանը Կիև չէ. հնարավորությունների սահմանը բոլորովին այլ է: Դեռևս դժվար է ասել՝ Սերժ Սարգսյանին ինչպես կհաջողվի պահպանել այդ հավասարակշռությունը ԵՄ-ի հետ աշնանը համաձայնագիր ստորագրելու դեպքում, երբ Մոսկվան այդպես էլ համոզիչ փաստարկներ չի ստացել այն մասին, որ այդ համաձայնագրով Հայաստանը չի թեքվում Արևմուտքի կողմը»,- նշել է նա:

Մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության սրման հնարավորությունը՝ Վլասովը վստահություն է հայտնել, որ նոր Ղարաբաղյան պատերազմը չի բխում ոչ Վաշինգտոնի, ոչ Բրյուսելի և ոչ էլ Մոսկվայի շահերից: 

«Խնդիրն այլ է՝ ինչպես կողմերին ստիպել, առանց քաղաքական երկխոսությունից դուրս գալու, քանի դեռ կան քննարկման թեմաներ, կատարել Մադրիդյան սկզբունքերի գոնե որոշ կետեր: Բայց, իմ կարծիքով, մոտ ժամանակներս պատերազմ չի լինի»,- նշել է Վլասովը:

Խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին՝ փորձագետը հայտարարել է, որ հարաբերությունների մակարդակը պարզ կդառնա ընտրություններից հետո:

«Ադրբեջանն այս նախընտրական փուլը պետք է ավարտին հասցնի ու նախագահ ընտրի: Ընտրությունը, բնականաբար, կկատարի Ադրբեջանի ժողովուրդը, բայց կարծում եմ, որ ուժերի հավասարակշռությունը մոտավորապես հասկանալի է: Հետո արդեն կարելի կլինի ավելի հստակ խոսել հարաբերությունների կարգավորման մասին ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին մակարդակով ուժերի հիմնական կենտրոնների հետ»,- ասել է նա:

Քաղաքագետը ավելացրել է, որ տարածաշրջանում բազմաթիվ գործընթացներ կախված կլինեն նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը Իրանի միջուկային ծրագրի շուրջ: