Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են տարածել այն մասին, որ օգոստոսի 8-ին վաղ առավոտյան Ադրբեջանում գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը ինքնակամ անցել է Ադրբեջանի սահմանը: Պատճառը, ըստ տեսանյութի, այն է եղել, որ հրամանատարը Հակոբին ուղարկել է ջուր բերելու, նա չի կատարել վերադասի կամքը, ինչի արդյունքում հարված է ստացել աչքին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հակոբի եղբայրը՝ Հարութը, սակայն, պնդել է, թե ինքը չի հավատում ադրբեջանական վարկածին, քանի որ եղբայրը մշտապես գոհ է եղել ծառայությունից։
Ըստ նրա՝ թերևս եղբայրը Ադրբեջանի սահմանը հատել է վատ տեսողության պատճառով։ Եղբայրը նշել է, որ վատ տեսողության հանգամանքը Հակոբին բանակ զորակոչելու ժամանակ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը հաշվի չի առել։
«Բայց սա միակ անփութությունը չէ, որ տեղի է ունեցել Հակոբի դեպքում։ Հարութը տեղեկացրեց, որ եղբոր զորամասից իրենց որևէ մեկը չի զանգահարել և տեղեկացրել, որ եղբայրը գերի է ընկել։ Ու ընդհանրապես իրենց ոչ ոք ոչինչ չի ասում եղբոր մասին», – գրում է թերթը:
Նշենք, որ 22-ամյա Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 8-ին, 03:00-ի սահմաններում հատել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանը և հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Համաձայն ԼՂՀ Պաշտպանության նախարարության նախնական տեղեկությունների, զինվորը սահմանը հատել է տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով: Խնդրով զբաղվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն: