Հայաստանի ազգային հավաքականը, ցածր որակի խաղ ցուցադրելով, ընկերական խաղում պարտություն կրեց Ալբանիայի ընտրանուց 0:2 հաշվով: Հայաստանցի ֆուտբոլիստները մրցակցի դարպասի մոտ ոչ մի իրական գոլային պահ չստեղծեցին:
Հայաստանի ազգային հավաքականի ձախողումներին այս տարի երկրպագուն արդեն սովորել է: 1:1՝ Լյուքսեմբուրգի հետ ընկերական խաղում, 0:3 հաշվով պարտություն Չեխիայից և 0:1 հաշվով՝ Մալթայից. վերջին խաղից հետո թվում էր, թե ավելի լուրջ հարված ստանալ հնարավոր չէ: Ալբանիայի հավաքականի հետ հանդիպումը, թեև ընկերական բնույթ ուներ, սակայն ավելի ծանր տպավորություն թողեց: Փաստորեն, դանիացիների նկատմամբ տարած 4:0 հաշվով հաղթանակը մնում է հավաքականի երկրպագուների տարվա միակ ուրախությունը:
Եթե առաջին խաղակեսում Հայաստանի ընտրանին մոտենում էր մրցակցի դարպասին և անգամ 2-3 անգամ անհանգստացրեց ալբանացիների դարպասապահին, ապա երկրորդ խաղակեսում ֆուտբոլային միտքն իսպառ վերացավ, իսկ մրցակցի պաշտպանությանը չնախատեսված հանգիստ տրվեց: Ալբանացիները մեկական գնդակ խփեցին յուրաքանչյուր խաղակեսում, մի քանի պահ էլ չօգտագործեցին:
Այն, որ Հայաստանի հավաքականի պաշտպանությունում կան խնդիրներ, վաղուց է հայտնի: Ալբանացիների հետ խաղում բացակայում էր փորձառու Ռոբերտ Արզումանյանը, ինչն ավելի բարդացրեց վիճակը, սակայն ավելի կարևոր էր այն, որ մեր թիմը ոչինչ չստեղծեց առջևում: Անգամ առանց Հենրիխ Մխիթարյանի հայաստանցիներն իրավունք չունեին նման անատամ ֆուտբոլ խաղալ: Մրցակցի կիսադաշտում հյուրերը գնդակը կորցնում էին 1-2 փոխանցումից հետո, գրոհները զարգացնում էին շատ դանդաղ, իսկ եզրափակիչ հարվածի մասին ֆուտբոլիստները հաճախ չէին էլ մտածում:
Հայաստանի հավաքականի խաղն այնքան անփառունակ ստացվեց, որ արդարացում չէ անգամ այն հանգամանքը, թե հանդիպումն ընկերական էր: Իսկ Չեխիայի և Դանիայի հավաքականների դեմ կայանալիք ընտրական փուլի կարևորագույն հանդիպումներին մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել: