Էջմիածնի բնակիչներ Աշոտ և Հեղինե Խուդոյանները 4 մանկահասակ երեխաների հետ գիշերն անցկացրել են ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին գտնվող Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ:
Նրանք երեկ անժամկետ նստացույց են հայտարարել՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում պահանջելով: Խուդոյանները բողոքում են իրենց տան կտակի հարցի շուրջ ծագած վեճի քննության ընթացքից, մասնավորապես, քննչական մարմնի կողմից որոշ փաստեր անտեսելուց ու ոչ օբյեկտիվ քննելուց: Այս տարվա ընթացքում նրանք արդեն երրորդ նստացույցն են անցկացնում, նախորդ դեպքերում նախագահականից խոստացել էին հետևել քննության ընթացքին: Այժմ Աշոտ Խուդոյանը նշում է, որ դատախազ Ներսիսյանը և քննիչ Ազատ Գրիգորյանը ձգձգում են գործը, ավելին՝ իրենց ներկայացրած հարցադրումներին պատասխան տալու համար էլ գործողություններ չեն ձեռնարկում:
Դեռևս երեկ երեկոյան Խուդոյանների մոտ է եկել ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը, ով հորդորել է դադարեցնել նստացույցը՝ նշելով, որ գործը դեռ ընթացքի մեջ է և վերջնական լուծում չկա: Երկար բանակցություններն արդյունք չեն տվել. Խուդոյանը որոշել է մնալ գիշերելու: Այնուհետև Խուդոյանի հետ է կապվել Էջմիածնի ոստիկանապետ Գագիկ Գաբրիելյանը, ով նույնպես հորդորել է լքել տարածքը, սակայն նստացույց հայտարարած քաղաքացին ադրդվելի է մնացել:
Այսօր առավոտյան Խուդոյանների ընտանիքին են մոտեցել մի խումբ ոստիկաններ և Աշոտ Խուդոյանին հրավիրել են Երևանի ոստիկանության քաղաքային վարչության ղեկավար Աշոտ Կարապետյանի մոտ զրույցի: Epress.am-ի հետ զրույցում Աշոտ Խուդոյանը նշել է, որ Կարապետյանն իրեն դարձյալ հորդորել է դադարեցնել նստացույցը՝ խոստանալով վերահսկողություն սահմանել գործի վրա, սակայն ինքը պատասխանել է, որ կհեռանա նախագահականի դիմացից գործի օրինական լուծումից կամ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:
«Գործի լուծումը կապ չունի իմ գտնվելու վայրի հետ: Փափուկ բարձ են դնում, սակայն ես իմ պահանջները ներկայացրել էի դեռևս առաջին նստացույցի ժամանակ, ու, չնայած խոստումներին, գործը լուծում չի ստանում», – մեզ հետ զրույցում ասել է Խուդոյանը: