Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհուրդ դաշինքը նախօրեին արտոնված հանրահավաք է անցկացրել, որի հիմնական պահանջը ազատ նախագահական ընտրությունների ապահովումն էր: Հանրահավաքը վարել է Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, ով հայտարարել է նախընտրական արշավի մեկնարկի մասին: Ընդդիմության միասնական թեկնածու, ռուսաստանցի ռեժիսոր Ռուստամ Իբրագիմբեկովը հանրահավաքին ներկա չէր, ընթերցվել է նրա հաղորդագրությունը: Պարբերաբար, երբ ելույթներից հետո բազմահազարանոց ամբոխը վանկարկում էր «Իլհամ, հեռացիր» և «Հրաժարակ տվեք» կարգախոսներ, անջատվում էր էլեկտրականությունը, և բարձրախոսները լռում էին:
Ազգային դրոշներից ու ընդդիմադիր կուսակցությունների խորհրդանշաններից բացի, մարդիկ պահել էին նաև «Մենք ազատ ընտրություններ ենք ուզում», «Ազատություն քաղբանտարկյալներին» գրություններով պաստառներ:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ծառայությունը, ոստիկանությունը խոչընդոտներ էր ստեղծում հանրահավաքի պոտենցիալ մասնակիցների համար ինչպես քաղաքի ներսում, այնպես էլ մայրաքաղաքի մոտակայքում: Իրավապահները ներս էին թողնում երեխաների հետ եկած քաղաքացիներին և մահացած զինվորների մի քանի մայրերի: Սումգաիթից, Եվլախից ու Շեքիից ժամանած ակտիվիստներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Ոստիկանությունը, սակայն, հերքում է ընդդիմադիրներ բերելու փաստերը:
Հանրահավաքի հրապարակի շրջակայքում լրագրողները նկատել են ոչ միայն մեծ թվով ոստիկանների, ալն նաև մարզական կազմվածքով քաղաքացիական հագուստով երիտասարդների:
Հանրահավաքն ավարտվել է ազատ ու ազնիվ ընտրություններ անցկացնել ապահովելու, քաղբանտարկյալներին ազատելու, Իբրագիմբեկովի՝ երկիր վերադառնալու համար պայմաններ ստեղծելու և որպես նախագահության թեկնածու առաջադրելու որոշման ընդունմամբ:
Որոշումը նաև պահանջում է, որ երկրի ղեկավարը պարզաբանումներ տա իր ընտանիքի անդամների օֆշորային ընկերությունների մասին, պատժի կոռումպացված պաշտոնյաներին ու դադարեցնի սեփականության իրավունքների խախտումները:
Ակցիայի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին. նրանց նստեցրել են ավտոբուս և տարել հանրահավաքի անցկացման վայրից: Նրանք հանրահավաքին եկել էին՝ որդիների նկարները ձեռքներին:
Հանրահավաքը տևել է ավելի քան 2 ժամ: