Ոստիկանության Արաբկիրի բաժնում անչափահաս Էմիլ Հակոբյանին ծեծի են ենթարկել, ինչպես նաև խախտումով են կազմել նրա բերման ենթարկվելու մասին արձանագրությունը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հակոբյանի փաստաբան Արթուր Ալիխանյանը: Հակոբյանին կողոպուտ կատարելու մեղադրանքով բերման են ենթարկել օգոստոսի 15-ին՝ երեկոյան 17.00-ի սահմաններում, սակայն արձանագրել են, թե բերման ենթարկել են միայն 22.00-ին, իսկ գիշերը 01.30-ին են կայացրել ձերբակալելու որոշումը: Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալին չեն հանձնել նույնիսկ արձանագրության պատճենը: Ալիխանյանն ասել է, որ Ոստիկանությունում 72 ժամ պահվելուց հետո է միջնորդություն ներկայացվել նրա նկատմամբ կալանքի խափանման միջոց ընդունելու մասին, մինչդեռ դա պետք է արվեր 72 ժամվա ընթացքում:
Էմիլ Հակոբյանի խոսքով՝ իրեն ծեծի են ենթարկել օգոստոսի 15-ին և օգոստոսի 17-ին, երբ տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր: Ծեծի հետևանքով նրա աչքի տակ կապտել է, քանի որ նա գլխին հարված էր ստացել: Հակոբյանի խոսքով՝ ոստիկանները քաշել են նրա մազերից, ինչի հետևանքով գլխի մաշկը կարմրել է: Փաստաբան Ալիխանյանը հենց դատարանում, երբ որոշվում էր խափանման միջոցը, միջնորդել է, որպեսզի դատաբժշկական փորձաքննություն անցկացվի, սակայն, թե երբ միջնորդությանը կանդրադառնան, դժվարանում է ասել:
Ծեծի մասին տուժողը հայտարարություն է ուղարկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանին: