Լեռնային Ղարաբաղը նախընտրում է ժողովրդավար հարևան: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին՝ ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ ժողովրդավարակն հարևան նախընտրելու մասին նախորդ շաբաթվա վերջին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը, սակայն նա ընդգծել էր, որ եթե այդ հանգամանքը մի կողմ թողնել, ապա Հայաստանին ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր:
«Ճիշտ է հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ՝ մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է», – ասել էր Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի դիրքորոշմանը, ապա Բաբայանի դիտարկմամբ՝ Ադրբեջանում նախագահի բոլոր թեկնածուների նախընտրական քարոզարշավի հիմնական ուղղությունն ազգայնամոլությունն է, իսկ դրա հեղինակը տարիներ շարունակ Ադրբեջանի ժողովրդի մեջ հայատյացություն սերմանող Իլհամ Ալիևն է:
«Սա դարձել է ժողովրդի ուշադրությունը շեղելու տարբերակ՝ հայերը մեղավոր են, մեր տարածքներն օկուպացված են․․․ Այսպիսի կլիշեներով առաջնորդվելը և բնակչության այդ հայատյացության քաղաքականությունը սրսկելը դարձել է շատ արդյունավետ տարբերակ իշխանությունը պահելու համար», – նշել է Բաբայանը:
Խոսելով ընդդիմադիր թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի մասին՝ Բաբայանը կարծիք է հայտնել, թե վերջապես Ադրբեջանում հայտնվեց մեկը, ով հրապարակավ դեմ արտահայտվեց այդ երկրում առկա «նացիստական գաղափարախոսությանը»:
«Նա [Իբրահիմբեկովը] փաստորեն առաջինն է, որ պայքարելով երկրի նախագահի պաշտոնի համար՝ հայտարարել է, որ ադրբեջանցիները չպետք է առաջնորդվեն հայատյացության գաղափարով, որ հայերը նույնպիսի մարդիկ են», – նշել է ԼՂ նախագահի խոսնակը: