Օգոստոսի 17-ին Ստամբուլի Ֆեքիրոյ թաղամասում գտնվող իր տանը հարձակման է ենթրակվել 80-ամյա հայազգի Մարգարիտ Ջամքոսօղլուն: Այս մասին գրում է «Ագօս» թերթի կայքը:
Նշենք, որ վերջին ամիսներին Ստամբուլի Սամաթյա և Բաքիրոյ թաղամասերում տարեց հայ կանանց վրա հարձակումների մի քանի դեպք է գրանցվել: Մեկ դեպքում սպանվել է 84-ամյա Մարիցա Քյուչուկը:
Մարգարիտ Ջամքոսօղլուն պատմել է, որ օգոստոսի 17-ին խանութից վերադառնալիս իր շենքի աստիճանների մոտ կանգնած մի միջահասակ, թուխ մաշկով տղամարդու է նկատել, սակայն ոչինչ չի կասկածել, քանի որ շենքը մեծ է, ու բոլորին ճանաչել հնարավոր չէ:
«Երբ բացեցի բնակարանիս դուռը, հետևից հարձակվեց վրաս: Ես ընկա գետնին: Նա սկսեց գլուխս հարվածել գետնին՝ փորձելով սպանել ինձ: Ձայնը չեմ լսել, քանի որ նա այդ ընթացքում ոչինչ չի ասել: Նա վերցրեց պայուսակս, որի մեջ ընդամենը 70 լիրա կար, ու փախավ: Արդեն 50 տարի է՝ այստեղ եմ ապրում, և նման բան ինձ հետ դեռ չէր եղել»,- ասել Ջամքոսօղլուն:
Հիշեցնենք, որ Սամաթյա և Բաքիրոյ թաղամասերում հարձակումներ կատարելու մեղադրանքով բերման է ենթարկվել Թուրքիայի քաղաքացի Մուրադ Նազարյանը, ով, սակայն, հերքել է իր դեմ ներկայացված մեղադրանքները՝ ասելով, որ ոչինչ չի հիշում: Այժմ Նազարյանի գործով դատավարությունը շարունակվում է, նա կալանավորված է: