Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) ՀՀ պետական բյուջեից 1 մլն դրամ է տրամադրել իր հաշվեկշռում գտնվող 13 ավտոմեքենայի վերանորոգման համար։ Այս մասին վկայում են «Ժողովուրդ» օրաթերթին տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը:
Թերթը նշում է, որ ԴԱՀԿ-ին պատկանող BYD մեքենաները վերանորոգվել են «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ում, որը պատկանում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին: Վերջինիս պաշտոնական կենսագրության մեջ անգամ նշված է, որ 1996թ. ինքն է եղել այդ ընկերության հիմնադիրը։
Բացի դա, «Քեթրին գրուպը» զբաղվում է Հայաստան մի շարք ապրանքատեսակների, այդ թվում՝ BYD մակնիշի մեքենաների ներկրմամբ, և հենց այդ մակնիշի ավտոմեքենաներն է օգտագործում ԴԱՀԿ-ը:
«Փաստորեն, ԴԱՀԿ պետը, օգտագործելով պաշտոնական դիրքը, ՀՀ պետբյուջեի միջոցներն ուղղում է սեփական բիզնեսի բարգավաճմանը», – գրում է թերթը:
Լուսանկարը՝ harkadir.am