Հոլանդական ընկերության հետազոտությունը ցույց է տալիս, թե որքան կշահի Հայաստանը Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրումից:
Եվրամիությունը ուսումնասիրություն է հրապարակել, որը ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնարի (ԽՀԱԱԳ) ստորագրումը: ԽՀԱԱԳ-ը Ասոցացման համաձայնագրի անբաժան մասն է, որի շուրջ բանակցությունները Եվրամիությունն ու Հայաստանը հաջողությամբ ավարտել են հուլիսի 24-ին: Ինչպես նշում է «168 ժամ» պարբերականը, համաձայն Եվրահանձնաժողովի պատվերով իրականացված հոլանդական Ecorys ընկերության հետազոտության, ԽՀԱԱԳ-ի գործողության արդյունքում երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի ազգային եկամտի աճը կկազմի 2.3 տոկոս, իսկ կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի ՀՆԱ-ն կաճի լրացուցիչ 1.1 տոկոսով:
Տարիֆային և ոչ տարիֆային սահմանափակումների վերացման արդյունքում կշահի նաև երկկողմ առևտուրը։ Մասնավորապես, ըստ հետազոտության հեղինակների, ԽՀԱԱԳ-ի ստորագրման արդյունքում Հայաստանից արտահանումը երկարաժամկետ հեռանկարում կավելանա 15.2%-ով, ներմուծումը՝ 8.2%-ով։ Այսպիսով, աստիճանաբար կբարելավվի նաև Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը։
Գների և աշխատավարձերի փոփոխություններն, ըստ զեկույցի հեղինակների, ԽՀԱԱԳ-ի հիմնական սոցիալական շարժիչներն են, որովհետև դրանք ազդում են տնօրինվող եկամտի և աղքատության մակարդակի վրա։ Գների միջին մակարդակի նվազումը և դրա հետ մեկտեղ աշխատավարձերի աճը թույլ են տալիս ենթադրել, որ սոցիալական ազդեցությունը դրական կլինի։ Ըստ այդմ, միջին աշխատավարձը կաճի 2.6 տոկոսով, իսկ սպառողական գները կնվազեն՝ սահմանափակումների վերացման հետևանքով: Արդյուքնում, Հայաստանի տնային տնտեսությունների միջին գնողունակությունը երկարաժամկետ հեռանկարում կաճի 2.5%-ով։