Մոտակա օրերին ակցիաներ են սկսվելու ընդդեմ «Երևանում վճարովի ավտոկանգառների սպասարկմամբ զբաղվող «Փարքինգ սիթի սերվիսի»: «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով՝ ակցիայի կազմակերիչները ընկերությունից ճշտել են՝ արդյո՞ք վարորդը կարող է վճարել մի քանի ամսվա համար, և իր մեքենան ամիսներ շարունակ կայանած թողնել ավտոկանգառում։ Ընկերությունից դրական պատասխան են տվել, ինչից հետո ակցիան նախաձեռնողները բոյկոտի յուրօրինակ տարբերակ են ընտրել։ Նրանք որոշել են գյուղերից և մարզերից հին չգործող ավտոմեքենաներ հավաքել և դրանք կայանել Երևանի փոքր կենտրոնում։
Այդպիսով նրանք պատրաստվում են «զբաղեցնել» Երևանի կենտրոնական փողոցների ավտոկանգառների մեծամասնությունը, իսկ այն երևանցիները, որոնք մուծած կլինեն գումարները և չեն գտնի ազատ ավտոկանգառներ՝ ստիպված կլինեն դժգոհության ալիք բարձրացնել, գրում է թերթը։
Հիշեցնենք, որ Երևանում նախատեսվում է 20 հազար վճարովի ավտոկայաններ ստեղծել, որոնց հիմնական մասը վերահսկվելու է տեսախցիկներով: Վճարովի ավտոկանգառները նշված են կարմիր գծով: Մինչև 5 րոպե կայանելու դեպքում գումար չի գանձվում, մինչև 1 ժամվա դեպքում՝ 100 դրամ, 1 օրվա համար 500 դրամ, 1 շաբաթվա համար՝ 1000 դրամ, 1 ամսվա համար՝ 2 հազար դրամ, 1 տարվա համար՝ 12 հազար դրամ: