Home / Հայաստան / Մոսկվան սպասում է Հայաստանի վերաբերյալ Ղազախստանի ու Բելառուսի որոշմանը

Մոսկվան սպասում է Հայաստանի վերաբերյալ Ղազախստանի ու Բելառուսի որոշմանը

Մոսկվան հույս ունի, որ Մաքսային միության անդամները կաջակցեն միությանը անդամակցելու պաշտոնական Երևանի որոշմանը: Ռուսաստանն ու Հայաստանն այդ հարցում արդեն քաղաքական որոշում ընդունել են, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Ուժի մեջ են մտնում Մաքսային միության ընթացակարգեր՝ դիմումը երեք հիմնադիր երկրների ղեկավարություններին (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս), ինչպես նաև՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին: Սա արդեն բանակցությունների առարկա է՝ բավական տեխնիկական: Հայաստանն ու Ռուսաստանն արդեն քաղաքական որոշում են ընդունել: Հույս ունենք, որ Մաքսային միության մյուս անդամներն կաջակցեն դրան»,- լրագրողներին ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել էր, որ Երևանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը, իսկ այնուհետև՝ մասնակցել Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը: