Այսօր ոստիկանության աշխատանքը համապատասխանում էր Հայաստանում ոստիկանների սովորական պահվածքին. նրանք խանգարում էին քաղաքացիների աշխատանքին՝ պաշտպանելով հիմար օրենքները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում նախագահական նստավայրի մոտ կայացած Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու դեմ բողոքի ակցիայից հետո հայտարարել է «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:
«Ինչու եմ ասում հիմար, որովհետև եթե մարդը պայքարում է իր ազատության համար, օրենքն անցնում է երկրորդ պլան: Մարդու ազատությունը և իրավունքները բարձր են պետական և ազգային շահերից, այդ պատճառով էլ ցուցարարները իրավունք ունեին մոտենալ նախագահական նստավայրին»,- ասել է Դանիելյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ այն հիմնավորումը, թե նախագահական նստավայրը ռազմավարական օբյեկտ է ու դրան չի կարելի մոտենալ, այլևս կարելի է չօգտագործել:
«Ռազմավարական օբյեկտը ինչ-որ բան անում է ժողովրդի համար, իսկ երեկվա Սարգսյանի հայտարարությամբ անկախությունը ոչնչացավ»,- ասել է Միքայել Դանիելյանը:
Հիշեցնենք, որ այսօր նախագահական նստավայրի մոտ կայացած բողոքի ակցիայի ժանանակ բերման է ենթարկվել 11 ակտիվիստ: Նրանք գտնվում են Ոստիկանության Արաբկիրի բաժնում: Ակտիվիստների նկատմամբ գործ է հարուցվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (ոստիկանության օրինական պահանջը չկատարելը), սակայն ակտիվիստները հրաժարվում են որևէ փաստաթուղթ ստորագրել: