Երևանի քաղաքապետարանի մոտ նստացույցի մասնակիցների աջակիցներին ծեծի են ենթարկել: Այս մասին ահազանգել են քաղաքացիական ակտիվիստներ Գայանե Մելքոմյանն ու Թեհմինե Ենոքյանը: Վերջիններս նշում են, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ի երեկոյան Մաշտոցի պողոտայի վրա՝ «Արենա» բոուլինգ ակումբի մոտակայքում, երբ երիտասարդները հեռանում էին քաղաքապետարանից:
Մոտ 10-15 հոգի մահակներով հարձակվել են ակտիվիստ Արման Ալեքսանյանի և նրա հետ ևս երկու երիտասարդի վրա (անունները չեն նշվում): Հարձակվողները հարցրել են՝ ինչո՞ւ եք քաղաքապետարան գնում: Ակտիվիստներին հաջողվել է փախչել, հարձակվողներից երկուսին տղաները ճանաչել են՝ նշելով, որ տեսել են նրանց քաղաքապետարանի մոտակայքում:
«Մյուսները, կարծես, սափրագլուխներ են եղել, սև հագուստներով. նման են եղել թիկնապահների: Արմանը որոշ վնասվածքներ ունի գլխի շրջանում», – նշում է Գայանե Մելքոմյանը:
Ալեքսանյանը գնացել է ոստիկանություն հաղորդում տալու, իսկ երբ նստացույցի մասնակից Վահագն Մինասյանը քաղաքապետարանի մոտ հերթապահող ոստիկաններին ահազանգել է դեպքի մասին, վերջիններս ասել են՝ «թող տղերքը բռնեն դրանց ու տանեն ոստիկանություն»:
Ակտիվիստները նման գործելոճը որակում են որպես հանցավոր անգործություն և ընդգծում են, որ ամբողջ պատասխանատվությունը ոստիկանության վրա է՝ ի դեմս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի:
Հիշեցնենք, որ անցյալ ամսվա ընթացքում ակտիվիստների վրա հարձակման մի քանի դեպքեր են եղել: Օգոստոսի 25-ին անհայտ անձինք հարձակվել են ակտիվիստ Միքայել Տոնոյանի վրա:
Օգոստոսի 24-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, «Արարատ» հյուրանոցի մոտ 10 հոգի ծեծի էին ենթարկել ակտիվիստներ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին: Ինչպես ֆեյբուքյան իր էջում տեղեկացրել էր բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, սկզբում անծանոթ երիտասարդները ակտիվիստներին հարցրել են՝ արդյոք նրանք մասնակցում են նստացույցին, և դրական պատասխան լսելուց հետո «մեր հերերին եք ուզում բան ասեք» ասելով` սկսել են ծեծի ենթարկել նրանց:
Նշենք, որ նստացույց անցկացնող Գոռ Առաքելյանը, Սուրեն Սահակյանը և Վահագն Մինասյանը պահանջում են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը:
Երեք երիտասարդներին մի խումբ ակտիվիստներ են աջակցում: