Այսօր նախագահական նստավայրի մոտ հերթական բողոքի ակցիան են անցկացրել ՔԿՀ-ներում պատիժ կրող մարդկանց ծնողները, ովքեր պահանջում են նախագահից «դաբռո տալ», որ իրենց որդիների նկատմամբ գործի պայմանական վաղաժամկետ ազատման օրենքը, այսինքն՝ անկախ հանձնաժողովն ազատ արձակելու մասին դիմումները բավարարի: Ծնողներն այսօրվա ակցիայի ժամանակ հավաքում էին դատապարտյալների անուններ, ում ազատազրկման ժամկետի երկու երրորդը լրացել է: Եթե այդ ժամկետը լրանում է և դատապարտյալը լավ պահվածք է դրսևորում, նա կարող է դիմել համապատասխան հանձնաժողովին՝ բանտից իրեն ազատ արձակելու խնդրանքով: Այսօրվա ակցիային ներկա ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականցնող խմբի ղեկավար Ռոբերտ Ռևազյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ վաղաժամկետ ազատման հանձնաժողովը վաղուց չի գործում և դիմումների ավելի քան 70 տոկոսը մերժվում են:
«Հանձաժողովի անդամները ունեն պատժիչ հոգեբանություն, խնդիրը սա է: Մյուս կարևոր հարցն այն է, որ չկա կանոնակարգ, թե ինչ չափանիշներով պետք է որոշվի՝ դաատպարտյալը իրեն լավ է դրսևորել, թե ոչ: Պետք է լինի չեզոք կազմ, ոչ ուժային կառույցների ներկայացուցիչներ, կարող է լինել հոգեբան, իրավաբան, բայց ոչ ոստիկանության կամ դատախազության աշխատակիցներ, ովքեր ունեն պատժիչ հոգեբանություն»,- ասել է Ռևազյանը:
Այժմ ազատազրկվածների ծնողները պետք է միանան և դիմում-նամակի հետ դատապարտյալների ցանկը ևս տրամադրեն նախագահական նստավայրի նամակների բաժնին:
Բանտում մի քանի անգամ իրեն վնասած դատապարտյալ Արթուր Այվազյանի ծնողները, ովքեր ևս մասնակցել են ակցիային, պատմել են, որ որդու ազատազրկման ժամկետի երկու երրորդը լրացել է, սակայն նա շարունակում է կրել պատիժը:
«Ոչ մի ապացույց չունենալով՝ դատապարտել են: Հիմա էլ երկու երրորդը անցել է, բայց մեր իշխանությունները չեն ազատում: Չկա մի տղամարդ, որ ստորագրի, ազատեն, սաղ նայում են Բաղրամյան 26-ին, դաբռոն կլինի՝ կազատեն: Մենք օրենքի շրջանակներում ենք ուզում գործողություններ, հո անօրինական բան չե՞նք ասում»,- ասել է Այվազյանի հայրը՝ Աշոտ Այվազյանը: