Ղազախստանցի քաղաքագետ Ռասուլ Ժումալին կարծում է, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը շատ կասկածելի է, իսկ Հայաստանի նախագահի համապատասխան հայտարարությունը կարող է միայն քաղաքական բնույթ կրել: Ըստ նրա՝ այդպիսի ծրագրերի իրականացումը կբախվի բազմաթիվ բարդությունների, հայտնում է Total.kz կայքը:
Ղազախստանի ու Հայաստանի միջև առևտուրն այժմ էլ շատ համեստ է, իսկ ընդհանրապես, կովկասյան երկրին հետաքրքիր կլինեին Ղազախստանի ու Ռուսասատնի նավթը, գազն ու մետաղները: Հումքի արտահանումը, սակայն, հնարավոր է միայն հիպոթետիկ ձևով, հայտարարել է քաղաքագետը:
«Հայաստանը գտնվում է տնտեսական շրջափակման անվճռական դիրքում: Այն բավական լարված հարաբերություններ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Սարգսյանը, հավանաբար, ցանկանում է դուրս գալ դրանից: Նրա հայտարարություններն ընդհանուր ոչինչ չունեն տնտեսական, մաքսային ընթացակարգերի հետ, քանի որ աշխատանքին կարող է խանգարել Մաքսային միության անդամների հետ սահմանների բացակայությունը: Ինչպե՞ս են ապրանքներն անցնելու երրորդ երկրների տարածքներով: Երևի Սարգսյանն ուզում էր հաճոյանալ Վլադիմիր Պուտինին, ով ամեն կերպ փորձում է ավելացնել միության անդամների թիվը»,- ասել է Ժումալին:
Քաղաքագետը նաև նշել է, որ «Հայաստանում լուրջ իշխանությունը պատկանում է խորհրդարանին, այլ ոչ թե նախագահին»: Մեծ ազդեցություն ունեն հասարակական կազմակերպությունները, որոնք արդեն դեմ են դուրս եկել Մաքսային միությանն անդամագրվելուն: Այժմ այդ երկիրը համագործակցում է Եվրամիության հետ, և անհասկանալի է՝ ինչպես է Հայաստանը պատրաստվում համատեղել այդ երկու կառույցները, նշել է Ռասուլ Ժումալին: