Մոլդովան մտադրություն ունի հետագայում էլ շարունակել ամրապնդել կապերը Եվրամիության հետ: Երկրի նախագահ Նիկոլայե Տիմոֆտին հայտարարել է, որ Մոլդովան չի կարող ապրել «ճնշման ու սպառնալիքների» պայմաններում, հայտնում է Svoboda.org կայքը:
Մի քանի օր առաջ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Մոլդովային զգուշացրել էր, որ Քիշնևի՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի բարդությունների Ռուսաստանի հետ հարաբերություններում: Մասնավորապես, Ռոգոզինի խոսքով, խնդիրներ կառաջանան երկկողմանի առևտրի, Մոլդովայից աշխատողների ազատ տեղաշարժման, ինքնահռչակ Մերձդնեստրյան պետության համար կարգավիճակի որոնման հարցերում:
Կայքը նշում է, որ վերջին տարիներին Ռուսաստանը ճնշում է գործադրում նախկին խորհրդային երկրների վրա, այդ թվում՝ Ուկրաինայի ու Մոլդովայի՝ փորձելով խանգարել դրանց մտերմացմանը Եվրամիության հետ:
«Այս շաբաթ, Մոսկվայի ճնշման տակ, Հայաստանը միացավ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը», – գրում է Svoboda.org-ը: