Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, քրդական «Դիպլոմատ» թերթի գլխավոր խմբագիր Թայիր Սուլեյմանովն իր փաստաթղթերն է ներկայացրել Ադրբեջանի ԿԸՀ՝ նախագահական ընտրություններին իր թեկնածությունը գրանցելու նպատակով:
Ինչպես հայտնում է Virtualaz.org կայքը, նա այսօր վերցրել է ստորագրված ձևաթղթերը և պատրաստ է մինչև սեպտեմբերի 9-ը՝ գրանցման վերջին օրը, 40 հազար ստորագրություն ներկայացնել:
Սուլեյմանովը վստահ է, որ իրեն կհաջողվի ժամանակին անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքել: «Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում բնակվում է 13 հազար քուրդ, բայց նրանց թիվն իրականում ավելի մեծ է: Մեր տվյալներով՝ Ադրբեջանում կա 2,5 միլիոն քուրդ, այնպես որ, ես հույս ունեմ, որ նրանցից ամենաքիչը կես միլիոնը կքվեարկի իմ օգտին: Ես պաշտպանելու եմ քրդերի իրավունքներն Ադրբեջանում: Գիտեք՝ պատգամավոր Ռաբիյաթ Ասլանովան ավելի վաղ հայտարարել էր, որ Միլի Մեջլիսում կա քրդական ծագում ունեցող 38 պատգամավոր: Ո՞ւր են նրանք և ինչո՞ւ են լռում: Ահադ Աբիևից բացի, դեռ ոչ ոք չի խոստովանել, որ քուրդ է»,- հայտարարել է քաղաքագետը: