Home / Հայաստան / Փակ շուկայի պատից ատելություն սերմանող պաստառը չեն հանում. պատկան մարմինները լռում են

Փակ շուկայի պատից ատելություն սերմանող պաստառը չեն հանում. պատկան մարմինները լռում են

Արդեն չորրոդ օրն է` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ծածկած շուկայի» տնօրինությունը շենքի ճակատային հատվածում փակցրել է Նախախորհրդարանի և «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Կարո Եղնուկյանի նկարով պաստառ, որի վրա գրված է «մասոն», «ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը» բառերն ու արտահայտությունները:

«Նախախորհրդարանը» հայտարարում է, որ այդ արտահայտությունները Եղնուկյանի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով են գրված, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի պատժելի  հանցագործություն է:

«Միևնույն ժամանակ՝ այս արարքը Կարո Եղնուկյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող վիրավորանք ու զրպարտություն է, ինչով էական վնաս է հասցնում դրանց:

Օրը ցերեկով ի տես բոլորի կատարվող այս հանցագործության մասին մի քանի օր առաջ պաշտոնական հայտարարությամբ ահազանգել է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը, սակայն պատկան մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկում քրեորեն պատժելի արարքը դադարեցնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, դրանով իսկ մեկ անգամ ևս ապացուցելով, որ պետական մարմիններն ու օլիգարխիան նույն համակարգի օրգանական բաղադրիչներ են:

Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարում է, որ արդեն համապատասխան միջոցներ է ձեռնարկում իր անդամի իրավունքները, պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը պաշտպանելու ուղղությամբ», – նշված է հայտարարության մեջ: