Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ համագործակցել միայն այն ժամանակ, երբ դա չի հակասի Մաքսային միության շահերին:
Սեպտեմբերի 5-ին Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ զրուցել է Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից նախաձեռնած Մաքսային միության միանալու պատրաստակամության մասին Սերժ Սարգսյանը հայտարարել էր սեպտեմբերի 3-ին Մոսկվայում:
Համաձայն ԱԳ նախարարության հաղորդագրության, Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը առաջ մղելու հնարավորինս լայն ձևաչափերով Եվրոպական միության հետ փոխգործակցությունը՝ շարժունակության, բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցության և այլ բնագավառներում: Արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը:
Թե ինչ է այդ առնչությամբ ասել Շտեֆան Ֆյուլեն, պաշտոնական հայտարարության մեջ չի նշվում: